Թերեզա Մեյին վստահություն հայտնելու հարցը այսօր երեկոյան կդրվի քվեարկության

Չնայած կուսակիցների մի մասի պահանջին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստանում է պայքարել մինչև վերջ` բացառելով հրաժարականի հնարավորությունը: Այս մասին բրիտանական կառավարության ղեկավարը հայտարարեց այսօր առավոտյան, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Համայնքների պալատի պահպանողական անդամներից 48-ը հանդես են եկել կուսակցության նոր ղեկավարի, համապատասխանաբար՝ նաև նոր վարչապետի ընտրության պահանջով:

Թերեզա Մեյը հաստատեց, որ իրեն անվստահություն հայտնելու պահանջով քվեարկություն անցկացնելու նախաձեռնություն պարունակող նամակները արդեն իսկ վարչապետի նստավայարում են:

«Ես այդ քվեարկությանը կդիմակայեմ իմ տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով: Արդեն 40 տարի է, ինչ ես Պահպանողական կուսակցության անդամ եմ և հավատում եմ պահպանողական տեսլականին: Այսօր, մեր պատմության այս վճռորոշ պահին, այդ տեսլականն իր մեջ ներառում է Բրեքզիթի հարցով համաձայնագրի կյանքի կոչումը, ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի արդյունքների ամրագրումն ու մեր սահմանների հանդեպ վերահսկողության վերահաստատումը», - հայտարարել է Թերեզա Մեյը:

Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով, ԵՄ-ն լքելուց հաշված ամիսների առաջ իշխող կուսակցության և վարչապետի փոփոխությունը հանգեցնելու է Լոնդոնի դիրքերի է՛լ ավելի թուլացմանը բանակցային սեղանի շուրջը:

«Պահպանողական կուսակցության ղեկավարի փոփոխությունը վտանգում է մեր պետության ապագան և անորոշություն է ստեղծում մի իրավիճակում, երբ դա բացարձակապես ցանկալի չէ: Նոր ղեկավարը կսկսի պաշտոնավարել հունվարի 21-ից ոչ շուտ, ինչի արդյունքում Բրեքզիթի շուրջ բանակցությունները կարող են հայտնվել ընդդիմադիր պատգամավորների լիակատար վերահսկողության ներքո: Նոր ղեկավարը Բրեքզիթի շուրջ համաձայնագիրը վերաբանակցելու ժամանակ չի ունենա: Այս ամենը չի բխում մեր ազգային շահերից», - ասել է Մեյը:

Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու հարցով քվեարկությունը կմեկնարկի այսօր ուշ երեկոյան, Երևանի ժամանակով 22.00-ին և կտևի շուրջ երկու ժամ: Մեյը ստիպված կլինի լքել կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնը միայն այն դեպքում, եթե նրա լիազորությունների դադարեցման օգտին հանդես գա Համայնքների պալատի 315 հոգանոց պահպանողական խմբակցության անդամների կեսից ավելին: Այս պահին, սակայն, իրադարձությունների զարգացման նման սցենարը քիչ հավանական է թվում, քանի որ կառավարության գրեթե բոլոր ազդեցիկ անդամները, այդ թվում Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարները իրենց միանշանակ աջակցությունն են հայտնել վարչապետին:

Բրիտանական արտգործնախարարության ղեկավար Ջերեմի Հանքը Twitter-ի իր էջում գրել է․ - «Ես իմ աջակցությունն եմ հայտնում Թերեզա Մեյին: Վարչապետի աշխատանքը այս պահին թերևս ամենադժվարինն է, և մեր երկրին այժմ ամենաքիչը առաջնորդության համար մղվող տևական և վնասաբեր պայքար է անհրաժեշտ», - գրել է Հանթը:

Համայնքների պալատի 75 պահպանողական անդամներ ևս հրապարակայնորեն հայտարարել են, որ այսօր երեկոյան նախատեսված քվեարկության ընթացքում իրենց աջակցությունն են հայտնելու Թերեզա Մեյին: Կառավարության ղեկավարին աջակցելու կոչով կուսակիցներին է դիմել նաև նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը: