Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած, 2008 թվականի մարտի 1-ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գևորգյանին Հատուկ քննչական ծառայությունը երեք նոր մեղադրանք է առաջադրել։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, փոփոխվել է և առաջադրվել է նոր մեղադրանք՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու՝ այսինքն փողերի լվացման համար։

ՀՔԾ֊ն մեղադրանքները երեկ է ներկայացրել և պաշտպանական կողմը դեռ չի հասցրել ծանոթանալ դրանց բովանդակությանը։

«Նա [Արմեն Գևորգյանը] մեղադրանքին ծանոթ է, արդեն հայտնել է իր դիրքորոշումը, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Բնականաբար, գտնում ենք, որ առաջադրված մեղադրանքները մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպանը հրաժարվեց հավելյալ տեղեկություններ հայտնել՝ ելնելով նախաքննական գաղտնիության սկզբունքից։

Ներկայացնելով երեք նոր մեղադրանք՝ Հատուկ քննչական ծառայությունը Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այսօրվա դատական նիստը հետաձգվեց պաշտպանական կողմի խնդրանքով՝ կալանավորման հիմքերին ծանոթանալու համար։ Դատարանը հարցը կքննի վաղն առավոտյան։

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ վիճարկելու են կալանավորման հիմքերը և եթե դատարանը որոշի, որ, այնուամենայնիվ, կալանավորելու հիմքերն առկա են, պաշտպանական կողմը միջնորդելու է, որպեսզի խափանման միջոց կիրառվի գրավը։

Այսպիսով՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարին, ընդհանուր առմամբ, չորս մեղադրանք է ներկայացվել։ Դեռ այս տարվա օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Տվյալ դեպքում, ըստ ՀՔԾ֊ի, 2008֊ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։