Դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդության քննությունը

Դատարանը, պաշտպանական կողմի խնդրանքով, հետաձգեց Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության քննությունը։

Պաշտպանական կողմն ասել է, որ ցանկանում է ծանոթանալ գործի նյութերին։

Դեռևս պարզ չէ, թե ինչ գործի շրջանակներում է Հատուկ քննչական ծառայությունը ցանկանում կալանավորել Արմեն Գևորգյանին։

ՀՔԾ-ից «Ազատության»-ն ասացին, որ այդ մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Այսօր ավելի վաղ ՀՔԾ-ից «Ազատության»-ը փոխանցել էին, որ Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Օգոստոսի 3-ին Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած, 2008 թվականի մարտի 1-ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։

Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: