Նա խոստացավ գալիք հունվարից՝ 2019-ին, նվազագույն աշխատավարձը բարձրացնել 100 եվրոյով, նվազեցնել թոշակառուների և անապահով խավի հարկերը: Միաժամանակ, նա ասաց, որ տնտեսական քաղաքականության շրջադարձ չի լինի, ինչպես նաև դատապարտեց տեղի ունեցած բռնությունները:
«Տնտեսական և սոցիալական խնդիրներին մենք շտապ կարձագանքենք հարկերը կրճատելու, մեր ծախսերը վերահսկելու միջոցով, բայց շրջադարձ չի լինի», - իր հեռուստաուղերձում ասաց Ֆրանսիայի նախագահը:
Նրա նշեց. «Սա պատմական պահ է մեր երկրի համար և մենք հաջողության կհասնենք երկխոսության ու փոխադարձ հարգանքի միջոցով»:
Մակրոնի խոստումների իրագործումը երկրի գանձարանի վրա միլիարդավոր եվրոներ կնստի: Կառավարության մամուլի խոսնակն այսօր ասել է, թե պետական ծախսերը կավելանան 8-10 միլիարդ եվրոյով: Սակայն դատելով ցուցարարների առաջին արձագանքներից նրանք գոհ չեն: «Դեղին ժիլետներ» անվանումը ստացած ցուցարարները ևս լսել են երկրի նախագահին:
«Ի՞նչ եմ մտածում այդ մասին, առանձնապես ոչինչ: Ես կասեի մի քիչ մշուշոտ է: 100 եվրոն այնքան էլ մեծ գումար չէ, իսկ եթե մենք նահանջենք, դրանից 80 եվրո կմնա, գուցե ավելի քիչ: Մենք այստեղ ութ հոգով լսեցինք նախագահ Մակրոնին ու ոչ մեկի վրա նրա խոսքը տպավորություն չի գործել»,- «Ռոյթերս»-ին ասել է 41 ամյա ակտիվիստ Կարլ Տոկարը, ով Փարիզից հյուսիս, Գայոն քաղաքում՝ ընկերների հետ տանը, դիտել է նախագահի ելույթը:
Ցուցարարների հիմնական պահանջը վառելիքի գների թանկացումը կանխելն է: Նրանց պայքարը հենց դրանից սկսվեց: Մակրոնի կառավարությունը անցած հոկտեմբերին հայտարարեց վառելիքի հարկերը բարձրանցելու մասին, որը կհանգեցնի դիզվառելիքի ու բենզինի գների թանկացմանը:
Կառավարությունը տնտեսակական այդ քաղաքականությունը բացատրում է բնապահպանական խնդիրները լուծելու, օդի աղտոտվածությունը վերահսկելու նպատակով: Սակայն հազարավոր ցուցարարներ դեղին ժիլետներ հագած դուրս եկան Փարիզի ու այլ քաղաքների փողոցներ: Նրանք դիմում են նաև բռնությունների՝ ջարդելով ու հրկիզելով ցուցափեղկեր, ավտոմեքենաներ, նրանց դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում:
Արմատական տրամադրված ցուցարարների խմբերի ու ոստիկանության միջև բախումները շարունակվել են նաև անցած հանգստյան օրերին, գրեթե 2 հազար ցուցարար բերման է ենթարկվել: Էմանույել Մակրոնը նախագահ է ընտրվել հարկային բեռը թեթևացնելու և տնտեսությունը ազատականացնելու խոստումներով, բայց ցուցարարները նրան հիմա մեղադրում են «հարուստների նախագահ» լինելու մեջ, ով քիչ բան է արել աշխատավոր մարդկանց համար:
Մակրոնը չի ընդունել «հարուստների հարկ» սահմանելու ցուցարարների առաջարկը: