Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հաջորդ տարվա հունվարի 7-ին. Վահագն Հովակիմյան

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի։

«Եթե քաղաքական որևէ ուժ Սահմանադրական դատարանում չբողոքարկի ընտրությունների արդյունքները, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հաջորդ տարվա հունվարի 7-ին: Եթե բողոքարկող լինի, առաջին նիստի օրը կհետաձգվի», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավորի թեկնածու Վահագն Հովակիմյանը:

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի։ Օրը պետք է հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, սակայն Տիգրան Մուկուչյանը չի շտապում դա անել։ Հենց դա էլ տարբեր կարծիքների պատճառ է դառնում։ Նաև տեսակետ կա, որ Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքները չվիճարկելու դեպքում, Ազգային ժողովի առաջին նիստը կանցկացվի այս տարվա դեկտեմբերի 24-ին:

Վահագն Հովակիմյանի խոսքով, Ազգային ժողովը կազմավորված է համարվում, երբ ԿԸՀ-ը հանձնում է մանդատները: Դեկտեմբերի 16-ին հանձնաժողովը կամփոփի ընտրությունների արդյունքները, դեկտեմբերի 21-ը ՍԴ դիմել-չդիմելու օրն է: Թե՛ բողոքարկելու, թե՛ չբողոքարկելու դեպքում, ըստ Հովակիմյանի, նաև ինքնաբացարկների համար է ժամկետ տրվում, իսկ մանդատներ ԿԸՀ-ն միայն դրանից հետո կհանձնի:

«Բողոքարկում չլինելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին շաբաթում, եթե արձանագրություն կազմի մանդատներ տրամադրելու վերաբերյալ, ապա առաջին նիստը կնշանակվի հունվարի 7-ին։ Եթե տեղի ունենա բողոքարկում, այսինքն Սահմանադրական դատարանը 15-օրյա ժամկետում պարտավորված լինի որոշում կայացնել, ապա մանդատների տրամադրումը պետք է տեղի ունենա այդ որոշումը կայացնելուց հետո։ Ըստ այդմ, առաջին նիստը կարող է հետաձգվել մինչև հունվարի 14-ը կամ 21-ը, նայած թե երբ Սահմանադրական դատարանը իր որոշումը կկայացնի», - նշեց Վահագն Հովակիմյան։

ԱԺ-ի ընտրության մասնակիցներից որևէ մեկը այս պահին չի հայտարարում ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու մտադրության մասին:

Հանրապետականը երեկ տարածած հայտարարությամբ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները որակել էր ժողովրդավարական՝ ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Հնարավո՞ր է գնան Սահմանադրական դատարան: ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել հարցը:

Այս տարի, թե հաջորդի սկզբին նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին կարող են բացման խոսք ասել Հանրապետության նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, ապա՝ երդվելու են պատգամավորները :

ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը կարծում է, որ խորհրդարանի առաջին նիստում նաև խորհրդարանի ղեկավար կընտրվի: «Սովորաբար Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների և հանձնաժողովների ձևավորման գործընթացը հենց առաջին նիստում, նույն օրում տեղի է ունենում, բայց, այո, կարող է նաև տևել մի քանի օր։ Ամեն դեպքում Ազգային ժողովը նիստերը շարունակում է ամենօրյա ռեժիմով, մինչև օրակարգի սպառումը», - ընդգծեց Արսեն Բաբայանը։

Ի դեպ, 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորումից հետո վարչապետ չի ընտրի: Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն խորհրդարանում կայուն մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

«Այս դեպքում ընտրություն Ազգային ժողովում տեղի չի ունենալու։ Վարչապետի ընտրությունները տեղի են ունենում, երբ արտահերթ են նրանք, այսինքն վարչապետը հրաժարական է տվել կամ այլ հանգամանքներ կա վարչապետի պաշտոնավարումը անհնար լինելու հետ կապված։ Առանձին կարգավորում-ընթացակարգ որպես էդպիսին չկա, բայց իրավական վերլուծությունից կամ Սահմանադրությունից բխում է, որ մեծամասնությունը գրավոր պիտի ներկայացնի իր թեկնածուին Հանրապետության նախագահին, իսկ Հանրապետության նախագահը անհապաղ պիտի կատարի նշանակում», - նշեց Արսեն Բաբայանը։