«Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ», - այսօր տարածած հայտարարության մեջ շեշտում է 59 հազար ձայն հավաքած Հանրապետականը՝ ընդգծելով․ - «Ընտրապայքարի ընթացքում իրենց հնչեցրած մտահոգությունները չէին կրում քարոզչական բնույթ, այլ արտահայտում էին խորը անհամաձայնությունն արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության, սոցիալ-տնտեսական միտումների, ազգային արժեքների խաթարման և, ամենակարևորը, Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնչեցված մոտեցումների առումով»:
Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը շեշտում է, որ շարունակելու է աշխատանքն այս ուղղություններով որպես արտախորհրդարանական ուժ, իսկ խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը հաջողություն է մաղթում:
Հանրապետականները, դեպ, երեկ տեղի ունեցած ընտրությունները համարում են ոչ թե իրենց պարտությունը, այլ, ինչպես այսօր ֆեյսբուքյան իր էջում ձևակերպել է կուսակցության խոսնակը՝ «դեկտեմբերի 9-ը Հանրապետականի վերածննդի օրն էր, իսկ ստացած յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու ձայնը հավասար է հազար ձայնի»:
«Այս ընտրությունները աննախադեպ էին, որովհետև պետության ղեկավարը, իշխանությունը, ռեժիմը ամեն ինչ արեց հասարակության մի մասին սև անվանելու, ասֆալտին փռելու, անվանարկելու, ատելության ու թշնամանքի մթնոլորտ քարոզելու, տարածելու, նաև վախի մթնոլորտ տարածելու համար», - նշեց Էդուարդ Շարմազանովը:
«Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների»
Խորհրդարանից դուրս մնացած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որը երեկ տեղի ունեցած ընտրություններում է ստացել է մոտ 49 հազար ձայն, հավաքելով 3,89 տոկոս, այսօր տարածած հայտարարության մեջ ընդգծում է, որ իրենք 7-րդ գումարման խորհրդարանում չեն լինի․ - «Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների»:
Վերլուծելով պարտության պատճառները՝ Դաշնակցությունն ընդգծում է․ - «Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին և ոչ թե գաղափարին ու ծրագրին, ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա և անհոգ է արտաքին եւ ներքին վտանգներին հանդեպ: Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից, պատշաճ չի կարևորվում արցախյան գործոնը քաղաքական օրակարգում, և վերջապես ձևավորվում է Ազգային ժողով` առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»:
Արամ Սարգսյան․ ԱԺ-ում հայտնվել են այն ուժերը, որոնք չեն քննադատել Նիկոլ Փաշինյանին
Ընտրություններին մասնակցած «Մենք» դաշինքը, որը բաղկացած էր «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից, նույնպես դուրս մնաց խորհրդարանից՝ ստանալով քվեների 2 տոկոսը: Դաշինքի օգտին քվեարկել է 25 հազար քաղաքացի:
«Մենքի» նախընտրական ցուցակը գլխավորած Արամ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում շեշտում է, որ երազել էր այսօրինակ ազատ և արդար ընտրությունների մասին: Ավելին, դեկտեմբերի 9-ի ընտրությունները նախորդների համեմատ ոչ թե մեկ քայլ, այլ «վազք» առաջ էին:
Հարցին, թե ինչու իր գլխավորած դաշինքը դուրս մնաց խորհրդարանից, Արամ Սարգսյանը պատասխանեց, թե «Իմ քայլից» բացի, խորհրդարանում հայտնվել են այն ուժերը, որոնք չեն քննադատել Նիկոլ Փաշինյանին․ - «Ես համոզված եմ, որ հանրությունը քվեն տվել է Նիկոլ Փաշինյանին: Բազմաթիվ անգամներ եմ դա ասել: Ու շատ բնական է, որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժը պիտի հաղթեր ընտրություններում, և քվեն տվել է էն ուժերին, ովքեր չեն քննադատել Նիկոլ Փաշինյանին: Ես համարել եմ, որ արտաքին քաղաքական ոլորտում էն գործընթացը, ինչը շարունակում է Նիկոլ Փաշինյանը, նույնությամբ կրկնում է Հանրապետական կուսակցության գործունեության ձևը»:
«Իմ գնահատականն էդպիսին է, որ անցել են էն ուժերը, ովքեր չեն քննադատել Նիկոլ Փաշինյանին, չեն բանավիճել «Իմ քայլի» առաջարկած տեսակետների հետ, եղել են նեյտրալ, ներկայացրել միմիայն իրենց մոտեցումները: Իսկ մենք ցույց ենք տվել «Իմ քայլի» մոտեցումները և դրան հակադրել մեր մոտեցումները: Եթե կա 25 հազար մարդ, ով հավատում է դրան, վստահ եմ, որ եթե իշխանությունները շարունակեն իրենց ծրագրով, էդ 25 հազար մարդը մեկ տարի հետո կրկնապատկվելու, եռապատկվելու, քառապատկվելու է», - եզրափակեց Արամ Սարգսյանը:
«Սասնա ծռեր»․ Ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը
«Սասնա ծռերը» ստացել են մոտ 23 հազար ձայն կամ 1,82 տոկոս՝ դուրս մնալով խորհրդարանից: Թեև նկատենք, որ քաղաքական ուժի գլխավորած ներկայացուցիչները, այդ թվում նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, համոզված էին, որ իրենք հայտնվելու են Ազգային ժողովում: Նրանք հայտարարում էին, թե ժողովուրդը դեկտեմբերի 9 ֊ին անակնկալ է մատուցելու։
Այսօր տարածած հայտարարության մեջ գնահատելով ընտրական գործընթացը՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը նշում է, որ ընտրությունները չեն կարող անվերապահ համարել արդար։ Մասնավորապես, Ընտրական օրենսգիրքը և «Կուսակցությունների մասին» օրենքը չփոփոխելը ընտրություններին մասնակցող ուժերի միջև առաջացրեց անհավասար մրցակցություն և, օլիգարխիան, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան:
Չնայած այս հանգամանքին՝ «Սասնա ծռերը» ճանաչում է ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը:
Անցողիկ շեմը, բացի Հանրապետականից, Դաշնակցությունից, «Մենք»-ից և «Սասնա ծռերից», չեն հաղթահարհել ևս 4 ուժ՝ «Օրինաց երկիրը», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը», «Քաղաքացու որոշումը» և «Ազգային առաջընթացը»: