«ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին», - ասված է «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարության մեջ:
Կուսակցությունը ընդգծում է, որ չնայած քվեարկության ընթացքում արձանագրված խախտումներին, այն ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը:
«Սասնա ծռեր» կուսակցությունը նշել է․ - «Ընտրութունների արդյունքների վրա շոշափելի ազդեցություն ունեցան մի շարք գործոններ, որոնք պայմանավորված էին Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքը չփոփոխելու հանգամանքով: Դրա հետևանքով ընտրություններին մասնակցող ուժերի միջև առաջացավ անհավասար մրցակցություն և, օլիգարխիան, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան։ Այդ պատճառով ստիպված ենք փաստել, որ ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար»:
Անկախ այս հանգամանքից, կուսակցությունը կարևորել է ժողովրդի ազատ կամարտահայտության փաստը՝ նշելով. «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը ճանաչում է ընտրությունների արդյունքները, շնորհավորում է «Իմ Քայլը» դաշինքին՝ նրա տարած հաղթանակի առթիվ և ապագա կառավարությանը մաղթում է արգասաբեր աշխատանք»: