Արտահերթ ընտրություններում մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում

Արտահերթ ընտրություններում մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում՝ 45 տոկոս, իսկ Գյումրիում ավելի ցածր՝ 39 տոկոս:

Քաղաքական 11 ուժերի միջև բաշխված քվեներով առաջատար «Իմ քայլը» դաշինքը Շիրակում ավելի քան 65 տոկոս է ստացել, երկրորդը ԲՀԿ-ն է՝ մոտ 11 տոկոսով, երրորդը «Լուսավոր Հայաստանը»՝ ավելի քան 8 տոկոսով:

Խորհրդարան չանցած քաղաքական ուժերից Շիրակի մարզում բավականին քվե ստացել է Դաշնակցությունը՝ մոտ 6,5 տոկոս: Նախկին իշխանական ուժը՝ Հանրապետական կուսակցությունը շուրջ 3 հազար քվե է ստացել կամ գրեթե 3 տոկոս:

Շիրակում բավականին թեժ պայքար ծավալվեց ռեյտինգային թեկնածուների միջև: «Իմ քայլը»-ի թենածուներից ամենաշատ քվե ստացել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը՝ ավելի քան 24 հազար ձայն: Ընդամենը մեկ ու կես տարի առաջ, երբ Ցոլակյանը Հանրապետականի ռեյտինգային թեկնածուն էր, շուրջ 12 հազար քվե էր ստացել: «Իմ քայլը» դաշինքից Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը 6 հազար 271 քվե է ստացել, մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը՝ 5 հազար 981:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշային թեկնածուններից գործող երկու պատգամավորները՝ Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը մի քանի անգամ պակաս քվե են ստացել նախորդ տարվա համեմատ:

Գրիգորյանը 2017-ին շուրջ 14 հազար քվե ուներ, այս ընտրություններում մոտ հինգ անգամ պակաս՝ 2 հազար 783: Իսկ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 3 հազար 198 քվե է ստացել՝ երեք անգամ պակաս, քան մեկ ու կես տարի առաջ:

Խորհրդարան անցած 3-րդ ուժի՝ «Լուսավորի Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայն ստացել է Սարիկ Մինասյանը՝ 1 հազար 963:

Ընդդիմադիր մարզի համբավ ունեցող Շիրակում ընտրությունների ընթացքից հիմնականում գոհ էին ընտրողները՝ նշելով, որ առաջին անգամ ազատ ընտրության հնարավորություն են ունեցել։