Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ ընտրական շտաբ

Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակում է ժողովրդավարական իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։

Կուսակցության ընտրական շտաբի այսօրվա հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ: Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց տարբեր, անգամ հակադիր կարծիքների համադրման հնարավորության ստեղծումն է։ Հետևաբար, ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց»:

ՀՀԿ-ը շտաբը հաջողություն է մաղթել խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը՝ նշելով, որ դրանից է կախված երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը:

«Ընտրապայքարի ընթացքում մեր հնչեցրած մտահոգությունները չէին կրում քարոզչական բնույթ, այլ արտահայտում էին մեր խորին անհամաձայնությունն արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության, սոցիալ-տնտեսական միտումների, ազգային արժեքների խաթարման և, ամենակարևորը, Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնչեցված մոտեցումների և առաջին տեսանելի քայլերի առումով: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքն այս ուղղություններով որպես արտախորհրդարանական ուժ», - ասված է հայտարարությունում:

Հանրապետական կուսակցության շտաբը նշել է, որ ներքին քաղաքական այս թեժ մրցակցությունը չպետք է ոգևորի Հայաստանի և Արցախի թշնամիներին։

«Անկախ միջկուսակցական պայքարում բոլոր տարաձայնություններից` Հանրապետականը հանձնառու է մնում մաս լինելու մեր ժողովրդի խնդիրների լուծմանը և շարունակելու է ամուր կանգնել մեր փառապանծ Զինված ուժերի կողքին։ Եվ վերջապես, շնորհակալություն ենք հայտում մեր բոլոր աջակիցներին։ Դուք վստահեցիք և քվե տվեցիք մեզ բարդ իրավիճակում: Անշուշտ, ընտրություններն ամփոփող պաշտոնական տվյալներն չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք։ Վստահ եղեք, որ անելու ենք մեզանից կախված ամեն բան, որ պոպուլիզմի աղմուկը չխլացնի ձեր ձայնը և ձեզ մտահոգող հարցերը շարունակեն ներառված մնալ երկրի քաղաքական օրակարգում: Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին», - ասված է ՀՀԿ ընտրական շտաբի հայտարարությունում։