ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները

Արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր կեսօրին հաստատեց խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Արձանագրությունը կազմված է, կնիքով վավերացված։

«Արձանագրության երկու օրինակներն էլ ստորագրված են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։ Հատուկ կարծիք ներկայացված չէ», - ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքները հանձնաժողովում ամփոփել են ամբողջ գիշեր։ 2010 ընտատեղամասերի քվեաթերթիկները հաշվել են ու արձանագրել՝ այս պահի դրությամբ անցողիկ շեմը հաղթահարել է ընդամենը երեք քաղաքական ուժ։

Ընտրողները 884 հազար 849 ձայն տվել են Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին։ Այդպիսով, վարչապետի պաշտոնակատարի առաջնորդած ուժը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը՝ 70,43 տոկոսը։ Երկրորդ տեղում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 103 հազար 837 ձայն կամ 8,27 տոկոս։ Եվ եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը՝ 80 հազար 49 ձայն կամ 6,37 տոկոս։ Եթե այս թվերը չփոփոխվեն, ապա խորհրդարանի մանդատները կկիսվեն հենց այս երեք ուժերի միջև։

«Ըստ էության, Ընտրական օրենսգրքով է ամրագրված արգելապատնեշ՝ 5 տոկոս կուսակցությունների համար և 7 տոկոս արգելապատնեշ կուսակցությունների դաշինքների համար։ Ըստ նախնական տվյալների, որոնք հրապարակվել են, այդ արգելապատնեշները հաղթահարել են Ձեր վկայակոչած քաղաքական ուժերը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մուկուչյանը։

Ընտրապայքարին մասնակցող մյուս 8 քաղաքական ուժերը չեն հաղթահարել անցողիկ շեմը, հետևաբար չեն հայտնվի խորհրդարանում։ Յոթերորդ գումարման ԱԺ-ում այսօրվա դրությամբ չենք տեսնի նաև նախկին իշխանությանը՝ հանրապետականներին, նաև՝ դաշնակցականներին: Հիշեցնենք՝ Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունների ընդունումը տապալվեց հենց այս ուժերի կողմից, մինչդեռ եթե ընտրությունը կայանար փոփոխված օրենսգրքով, անցողիկ շեմը հնարավոր է հաղթահարեին թե՛ ՀՀԿ-ն և թե՛ ՀՅԴ-ն։

«Եթե մենք վերցնում ենք միայն այդ գործոնը, այսինքն՝ դիտարկելով արգելապատնեշի շեմը, որը 5 տոկոսից նվազեցվում էր 4 տոկոս, միանշանակ՝ այո։ Բայց պետք է նկատի ունենալ, որ կային նաև այլ փոփոխություններ, որոնք վերաբերում էին քվեակարգի փոփոխությանը և նոր ընտրակարգով, ավելի ճիշտ, ընտրություններ իրականացնելուն, երբ չէին լինի տարածքային ցուցակներով թեկնածուներ, դա, բնական է, շատ բարդ է կանխատեսել կամ կանխագուշակել, թե ինչպիսի ազդեցություն կունենային քվեարկության արդյունքների վրա», - նշեց ԿԸՀ նախագահը։

Թե քաղաքական ուժերից որ մեկը քանի մանդատ կստանա և քանի պատգամավոր կունենա նոր խորհրդարանը՝ Տիգրան Մուկուչյանն այսօր ձեռնպահ մնաց թվեր հնչեցնելուց։ Ըստ նրա՝ առջևում դեռ բողոքարկման փուլն է, իսկ վերահաշվարկի ընթացքում կարող են լինել փոփոխություններ։ Ամեն ինչ պարզ կլինի 7-րդ օրը՝ դեկտեմբերի 16-ին, երբ կամփոփվեն ընտրությունների վերջնական արդյունքները։

«Հնարավոր է, որ հիմա հրապարակվեն ինչ-ինչ թվային տվյալներ, որոնք հետագայում չհամապատասխանեն։ Դրա համար ես ձեռնպահ կմնամ։ Ըստ էության, ժամանակից շուտ ներկայացնել որևէ տեղեկատվություն, որը, բնական է, կարող է նաև հետագայում թյուրընկալման կամ թյուրըմբռման տեղիք տալ, դրա համար ցանկացած գործառույթ կիրականացվի այն ժամկետներում, որի համար սահմանված է օրենքով», - ասաց Մուկուչյանը։

Մանդատների բաշխման հաշվարկ ԿԸՀ-ն դեռ չի կատարել։ Բայց հանձնաժողովի նախագահը բացատրեց՝ մանդատները կբաժանվեն ստացված ձայներին համապատասխան, ըստ բանաձևի՝ դրանց կեսը կտրվի համամասնական ցուցակներին, կեսն էլ՝ տարածքային ընտրական ցուցակներին։

Թավշյա հեղափոխությունից հետո սա երկրի համար ամենավճռորոշ ընտրություններն էին, սակայն ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվերակությանը մասնակցեց ընդամենը 48,63 տոկոսը։ Այն որ այս թիվը անգամ կեսի շեմը չհատեց, Մուկուչյանի կարծիքով չի վկայում պասիվության մասին, մասնակցությունը նորմալ էր, բնականոն, ասում է ԿԸՀ նախագահը։

«Հատկապես կեսօրից հետո տեղամասային ընտրական հանձանաժողովում, որտեղ նաև ներկա եմ գտնվել անձամբ, նկատվում էր արդեն բավականին ակտիվ մասնակցություն։ Առավոտյան թերևս պասիվ մասնակցությունը գուցե պատճառ էր նաև եղանակային պայմանների։ Իմ կարծիքով, մասնակցության առումով, էսպես ասեմ, համարել, որ դա եղել է ցածր մասնակցություն կամ ընտրողները ակտիվ չեն եղել, ես անկեղծ ասած, չեմ կիսում այդ կարծիքը», - նշեց Մուկուչյանը։

Արդեն սկսվել է նաև ստրագրված ընտրացուցակների սկանավորման գործընթացը՝ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահը։ Դրանք շուտով հասանելի կլինեն ԿԸՀ կայքէջում։ Իսկ բողոք դիմումներ ներկայացնելու համար վերջնաժամկետը վաղը ժամը 14-ն է։