«Ընտրությունների արդյունքներն արտահայտում են ժողովրդի կարծիքը». «Ականատես»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը

Կարող ենք ասել, որ ընտրությունների արդյունքներն արտահայտում են ժողովրդի կարծիքը, այսօր «Ականատես» դիտորդական խմբի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբի անդամ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը։

«Ականատես»-ը հանրապետության 2010 տեղամասերից երկուական դիտորդներ է ունեցել 300 տեղամասերում։

Այվազյանը նախ շնորհավորեց բոլորին, ինչպես ինքն ասաց՝ առաջին անգամ երկար տարիների ընթացքում ազատ, մրցակցային ընտրություններ ունենալու համար։

«Հայաստանում ընտրություններն իրականացվել են խաղաղ պայմաններում, և կարող ենք ասել, որ դրանք արտահայտում են ժողովրդի կարծիքը, և մենք կարող ենք ասել, որ ունենալու ենք ներկայացուցչական խորհրդարան», - ասաց Այվազյանը՝ շարունակելով. - «Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը խաղաղ էր, թեպետ տեղ-տեղ նկատվել են առանձին միջադեպեր, ամեն դեպքում, ընդհանուր առմամբ, և տոկոսային հարաբերությամբ դրանք բավականին փոքր են։ Դիտարկելով այդ 300 տեղամասերը, մենք կարող ենք ասել, որ դա ներկայացնում է Հայաստանի ամբողջական պատկերը»։

Ըստ Այվազյանի, քվեարկությունը եղել է «խաղաղ՝ օրենքի պահանջներին համահունչ»։

«Դիտարկումների համաձայն՝ տեղամասային հանձնաժողովների անդամները մեծամասամբ հետևել են քվեարկության համար նախատեսված ընթացակարգերին, թեև հանձնաժողովների աշխատանքները ոչ միշտ է իրականացվել սահուն, անկասկած կան խնդիրներ կարողությունների, գիտելիքների հետ կապված, այնուամենայնիվ, քիչ թվով խախտումներ են տեղ գտել։ Քվեարկության սենյակի ներսում գտնվող կողմնակի անձանց ներկայություն գրանցվել է բավականին քիչ թվով տեղամասերում։ Հանձնաժողովների անդամները հիմնականում գրանցել են դիտորդների կողմից նկատված խախտումները գրանցամատյաններում։ Ընտրողների նույնականացման հետ կապված խնդիրներ առանձնապես չեն գրանցվել, 24 տոկոսի դեպքում մեկից երկու դեպք եղել է, որ որոշ ընտրողների անուններ ուղղակի գրանցված չեն եղել սարքավորումներում։ Առանց պատշաճ նույնականացման փաստաթղթերի քվեարկություն չի նկատվել մեր դիտորդների կողմից, քվեարկության գաղտնիությունը հիմնականում հարգվել է, նկատվել է բաց քվեարկության մեկ-երկու դեպք»։

Մանրամասները՝ քիչ անց