«Ես ազնիվ չեմ լինի, եթե չասեմ, որ վարչական ռեսուրս այդուհանդերձ կիրառվել է», - երեկ «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանն, ով իր թեկնածությունն առաջադրել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։
Զոհրաբյանը միևնույն ժամանակ նշեց, որ այս ընտրություններին չկան ավանդական «Գազել»-ները, ընտրողին գումար չի բաժանվում։
«Այս ընտրություններն էականորեն տարբերվում են մեր տեսած, մեր ունեցած բոլոր ընտրություններից՝ չկան ավանդական «Գազել»-ները, ընտրողին գումար չի բաժանվում: Բայց ես ազնիվ չեմ լինի, եթե չասեմ, որ վարչական ռեսուրս, այդուհանդերձ, կիրառվել է», - ասաց Զոհրաբյանը՝ շարունակելով. - «Ես ուզում եմ վստահ լինել, որ վարչական ռեսուրսի կիրառումը չի եղել կառավարության կամ վարչապետի կողմից հրահանգավորված, որովհետև հենց Սիսիանում վարչապետը հստակ ասաց, որ եթե որևէ մեկը կփորձի վարչական ռեսուրսով ուղղորդել քվեները դեպի «Իր քայլը», ապա այդ քվեներն իրեն պետք չեն»։
Զոհրաբյանի խոսքով՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ամբողջ մարզն «ուղղորդել է դեպի «Իմ քայլը» դաշինք»։
«Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ նա, ով հավատարմորեն, անվերապահորեն ծառայել է Ռոբերտ Քոչարյանին, այնուհետև՝ Սերժ Սարգսյանին, ուրեմն, ամբողջ մարզը՝ համայնքապետերով, քաղաքապետերով, ուղղորդել է դեպի «Իմ քայլ»-ի տարբեր թեկնածուներն, ավելին՝ բանակը, իմ հստակ տեղեկատվությամբ, մեծամասնությամբ հրահանգավորված է եղել քվեարկել «Իմ քայլ»-ի օգտին։ Տեղեկատվությունները հստակ են», - ասաց ԲՀԿ թեկնածուն։
Հարցին, թե փաստեր կա՞ն և այդ փաստերը փոխանցվե՞լ են իրավապահ մարմիններին, Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես բացարձակապես իմաստ չեմ տեսնում իրավապահներին որևէ բան փոխանցել, որովհետև իրավապահները հրաշալի իրազեկված են, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ով երևի այս օրերին հիշել է իր նախկին մասնագիտությունն՝ իր նախկին ոստիկանի պաշտոնը, ոստիկանական մեթոդներով ողջ մարզը՝ համայնքապետերով, քաղաքապետերով, հրահանգավորել է, ուղղորդել է դեպի «Իմ քայլ»-ը։ Ի՞նչ դիմես իրավապահներին: Այսինքն՝ տպավորություն է, թե մեր երկրում, ցավոք սրտի, ոչինչ չի փոխվում, և եթե վարչապետն իրապես տեղյակ չէ, որ Հունան Պողոսյանն առաջնորդվում է ռոբասերժական ռեժիմի ընտրական մեթոդներով, ապա ես ընդամենն ուզում եմ հրավիրել վարչապետի ուշադրությունը»։