Այս ընտրություններն ավելի լավ են անցնում, քան 2017 թվականի ընտրությունները․ Իոաննիսյան

Խորհրդարանական այս ընտրություններն ավելի լավ են անցնում, քան 2017 թվականի ընտրությունները, սակայն Երևանի ավագանու վերջին ընտրությունների հետ համեմատած խախտումներն ավելի շատ են, այսօր հայտարարեց «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ ամփոփելով ստացված տվյալները:

«Զգացվում է, որ ընտրողներն ավելի ազատ են իրենց կամարտահայտության մեջ: Խնդիրներ կան, բայց զգացվում է, որ ընտրողներն ավելի ազատ են», - մանրամասնեց Իոաննիսյանը: - «Այդուհանդերձ, եթե համեմատենք սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների հետ, ապա պատկերը այնքան էլ լավը չէ: Միգուցե սա նաև պայմանավորված է ընտրակարգի բարդությամբ, միգուցե սա պայմանավորված է ընտրությունների մասշտաբով, միգուցե սա պայմանավորված է մասնակցող ուժերի սպեկտրով, միգուցե սա պայմանավորված է ավելի թեժ պայքարով»:

Իոնաննիսյանը նաև նկատում է՝ եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրախախտումները հիմնականում տեղամասերից դուրս էին, ապա այժմ խախտումները տեղամասերում են արձանագրվում։ Դրանցից հիմնականը կուտակումներն են ու քվեարկության գաղտնիության խախտումները։ Տեղամասից դուրս խախտումների որոշ ահազանգեր այսօր էլ ունեցել են, այդ թվում և ընտրակաշառքի բաժանման մասին, սակայն դրանք շատ ավել քիչ են, քան 2017-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ:

«Անկախ դիտորդի» 600 ներկայացուցիչներ 300 տեղամասերում են հետևում ընտրություններին, 40 շրջիկ խմբեր էլ այցելում են առավել խնդրահարույցները:

Իոաննիսյանի խոսքով՝ առավոտից կուտակումների մեծ թվով և քվեարկության գաղտնիության խախտումներով առանձնանում էր Արարատի մարզը, սակայն այդ մասին բարձրաձայնելուց հետո իրավիճակը հանդարտվել է, փոխարենը Սյունիքի մարզում է լարված, իսկ Երևանում ամենախնդրահարույցը Շենգավիթն է:

«Շենգավիթում հենց այս պահին մեր դիտորդների շրջիկ խումբը հետևում է մի մեքենայի, որի համարը ես էս պահին չեմ ասի, բայց ավելի ուշ, բնականաբար, կհրապարակենք: Այդ մեքենան բավական տարօրինակ պահվածք է դրսևորում, մասնավորապես՝ շրջում է տեղամասից տեղամաս և մարդիկ են մոտենում, ինչ-որ քվեաթերթիկներ են ցույց տալիս էդ մեքենային», - պատմեց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչը: - «Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ «Միլենա սերվիս» տաքսի ծառայության միջոցով Ավանում ընտրակաշառք է բաժանվում և այդ տեղեկությունները ևս ստուգվում են: Սյունիքի մարզից են ահազանգերը շատացել, մասնավորապես Կոռնիձոր, Տեղ, Ներքին Խնձորեսկ համայնքներում տեղամասերում լարված է իրավիճակը»:

Ընդհանուր առմամբ, ըստ Իոաննիսյանի, հիմնականում խախտումները այն տեղամասերում են, որտեղ հանձնաժողովի նախագահները Հանրապետական կուսակցությունից են նշանակված․ - «Այդ տեղամասերը միջին վիճակագրական առավել խնդրահարույց են, բայց, կրկնում եմ, սրանք նախնական տվյալներ են»:

Դանիել Իոաննիսյանն ասում է՝ իրենց կազմակերպությունը արձանագրել է նաև այսպես կոչված կեղծ դիտորդների, որ իրականում զբաղված են ընտրողներին ուղղորդելով, փաստացի վստահված անձի գործառույթներն իրականացնելով: Իոաննիսյանի խոսքով՝ հաճախ նրանք դժվարանում են պատասխանել հարցին, թե որ կազմակերպությունից են: