Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց

Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց, ժամը 20:00-ին բոլոր ընտրատեղամասերը փակվեցին:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ժամը 17։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2-ը, կամ ընտրողների 39,54 տոկոսը։

Այս քվեարկությամբ Հայաստանի քաղաքացիներն ընտրում են Երրորդ Հանրապետության ութերորդ գումարման խորհրդարանը և յոթերորդ գումարման Ազգային ժողովը:

Ազգային ժողովի առնվազն 101 մանդատներին հավակնում են 11 կուսակցություններ և դաշինքներ: Դրանք են, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճակահանությամբ որոշված՝ քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարների՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը, «Իմ քայլը» դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց երկիր» կուսակցությունը,
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են, համապատասխանաբար, Վիգեն Սարգսյանը, Սուրեն Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Լևոն Շիրինյանը, Լուսինե Հարոյանը, Արամ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Վարուժան Ավետիսյանը և Գագիկ Ծառուկյանը: Կուսակցությունները և դաշինքները նաև ռեյտինգային թեկնածուներ են առաջադրել բոլոր 13 ընտրատարածքներում: