Աբովյանի 23/07 ընտրատեղամասում քվեարկելու էին եկել ԲՀԿ և «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները

«Բարգավաճ Հայաստան»-ից Կոտայքի ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար պայքարում է նաև կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։

ԲՀԿ պատգամավորության թեկնածուն մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նա մեղադրվում է այս տարվա հուլիսին Դավթաշեն վարչական շրջանում գործող Օլիմպավան մարզասրահում 50-ամյա Յաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու համար։ Բաբայանը մեկուկես ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այդ գործով քննությունը շարունակվում է։

«Ազատության» հարցին, թե արդյոք անձեռնմխելիության համար է ձգտում պատգամավոր դառնալ, Բաբայանը պատասխանեց. - «Եթե ապացուցվի դա, ես մանդատս էլ վայր կդնեմ, որ չասեն գնում է դեպուտատ, որ անձեռնմխելի լինի»։

Ծառուկյանի թիկնազորի պետը վստահեցնում է, թե աբովյանցիներն են իրեն ստիպել լծվել օրենսդիր գործունեության։ Ի տարբերություն նիստերին չմասնակցող Ծառուկյանի, նա խոստանում է Ազգային ժողովում ակտիվ աշխատել։

«Ինձ աբովյանցիները ստիպեցին, որ ես պատգամավորության թեկնածու լինեմ, դրա համար էլ դրեցի [թեկնածությունս]», - նշեց Բաբայանը։

Հարցին, թե ի՞նչպես ստիպեցին, պատասխանեց, որ ուղղակի ասել են, որ ուզում են ինքն էլ լինի պատգամավոր։

«Ազատություն». - Իսկ եթե Դուք, այնուամենայնիվ, ընտրվեք, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը։ Օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկայնը խորհրդարան չի գալիս և օրենսդիր գործունեությամբ չի զբաղվում: Դուք ինչպե՞ս եք տեսնում Ձեզ խորհրդարանում։

Բաբայան. - Ասենք խի՞ չի գալիս Ծառուկյանը։ Անպայման ընդե նստե՞ս, խորհրդարանում, ըտե՞նց ա։ Մարդը գնացել ա արտասահման, էդքան դեպուտատներ, պատգամավորներ ա բերել մեր երկիր, տարել ա Ղարաբաղ։ Մարդը գործով ա զբաղվում, չէ՞։ Նենց չի, որ պետք ա գնար նստեր ընդե։

«Ազատություն». - Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ, օրինակ, ակտիվ օրենսդիր գործունեությա՞մբ։

Բաբայան. - Ես գնամ ընդեղ ի՞նչ, ուղղակի պիտի նստեմ ու նայե՞մ։ Պարզ ա՝ գնում եմ, ընդեղ ժողովուրդն ինձ ուղարկում ա, որ ես բոլոր ժողովրդի ցանկությունները, իրանց հոգսը բարձրաձայնեմ։ Էլ խի՞ եմ գնում Խորհրդարան, եթե պիտի տենց չլինի։

23/07 ընտրատեղամասում քվեարկելու էր եկել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա «Իմ քայլը» դաշինքից է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Կոտայքի մարզում:

Վստահեցնում է, թե վարչական լծակները չի ծառայեցրել հօգուտ իշխանական դաշինքի․ - «Իհարկե, ես վստահ եմ մեր մասով, մեր քաղաքական թիմի մասով և, մասնավորապես, իմ մասով, որ որևէ վարչական լծակ որևէ տեղ որևէ պարագայում բացառել ենք մենք կիրառելու: Որովհետև մենք մեր քաղաքական ընդդիմադիր գործունեության ամբողջ ընթացքում դրա դեմ ենք պայքարել։ Մենք մեր գաղափարականությամբ, մեր քաղաքական ազնվությամբ պետք է բացառենք երբևէ որևէ տեսակի վարչական լծակի կիրառում, որովհետև վարչական լծակի դեմ պայքարող քաղաքական ուժը առնվազն անբարո կլինի, որ ինքը իր հերթին արդեն իշխանության գալով նույն աշխատաոճով, նույն գործիքակազմով աշխատի», - ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Հետհեղափոխական Հայաստանում առաջին համապետական ընտրություններում քաղաքացիների համեմատաբար պասիվ մասնակցությունը պայմանավորում է քաղաքական համակարգի փոփոխությամբ։

«Պասիվությունը կարող եմ բացատրել մի տերմինով: Ներողություն էս տերմինի համար՝ ընտրատասովչիկների ինստիտուտները չեն գործում։ Մենք խաթարել ենք այդ ինստիտուտների գերծունեությունը մեր մարզում ու Աբովյանում։ Այսինքն, տոտալ տեղափոխումներ, տատիկ-պապիկների ընտրագազելներով տանել-բերելու հետ այլևս գործ չունենք մեր մարզում: Եվ իրավապահ մարմիններն իրենք էլ բավականին լավ ընդլայնված աշխատանքներ են տարել, որպեսզի կանխեն նմանատիպ երևույթները։ Դրանով էլ պայմանավորվում է ցածր մասնակցությունը մեր ընտրատարածքներում, ընտրատեղամասերում», - նշեց Պետրոսյանը։