Վանաձորում ԱԺ ընտրություններն անցնում են բավական հանգիստ մթնոլորտում

Տեղամասերի մոտ հսկում են ոստիկանները, մարդկանց և մեքենաների կուտակումներ չեն նկատվում:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե քվեարկել է հանուն հեղափոխության հաղթանակի:

Անդրադառնալով Հանրապետականի պնդումներին, թե ընտրողների մոտ վախի մթոնլորտ կա, Ղուկասյանն ասաց․ - «Իրականում, քանի որ Հանրապետական կուսակցությունը չի կարողանում կիրառել իր մեթոդները, հավանաբար դա ի նկատի ունի, որ ինչ-որ բան այն չէ: Բայց շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը չի կարողացել իր հին մեթոդներից որևէ մեկն այս ընտրություններին կիրառել։ Ես բավականին շատ ինֆորմացիա ունեմ իրենց գործելաոճի հետ կապված, սակայն այս անգամ դա չի ստացվել իրենց մոտ»:

Հանուն երկրի անվտանգության քվեարկած ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կրկին պնդում է, որ վախի մթնոլորտ կա և հակադարձում Ղուկասյանին․ - «Դուք կարող եք համեմատել հռետորաբանությունը նախորդ ընտրությունների և այս ընտրությունների՝ ասֆալտներին փռել, պատերին ծեփել, ձեռքերը կտրել և այլն: Նրան թույլատրելի է նման հռետորաբանություններ: Իսկ ինչ վերաբերում է այդ մեթոդաբանությանը, որը որ Դուք ասում եք, ականատես եղեք, թե ինչ մեթոդաբանությամբ են հիմա շարժվում ներկայիս պատասխանատուները: Իսկ ամբողջ պատասխանատվությունը իշխանության վրա է»:

Բաղդասարյանն ասում է, թե ահազանգեր են ստացել, որ իրենց քվեաթերթիկը բացակայում է: Սա, ըստ նրա, «արջի ծառայություն» է:

Նման դեպք արձանագրվել էր թիվ 23/32 ընտրական տեղամասում: Սակայն տեղամասի հանձնաժողովի նախագահ Համլետ Գորգինյանը հերքեց, թե առհասարակ որևէ քվեաթերթիկ բացակայել է․ - «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ նման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Դա ապատեղեկատվություն է՝ չգիտեմ ինչ նպատակներով կատարված: Եթե որևիցե մեկը ցանկանում է սև բիծ տանել հանձնաժողովի աշխատանքների համար․ ես ինքս, որպես հանձնաժողովի նախագահ, կպայքարեմ մինչև վերջ՝ ապացուցելու համար, որ այդ ապատեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և մեր տեղամասում նման գործընթաց հանձնաժողովի անդամի կողմից տեղի չի ունեցել»:

Տեղում աշխատող Հանրապետական կուսակցության վստահված անձ Կարապետ Չամուրյանն ասաց, թե ինքը պարզապես արձանագրել է, որ քվեաթերթիկները սահմանված ձևով չէին դասավորվում․ - «Խառնվել էր համարները: Ես ճշտեցի, նախագահին կանչեցի, իրանք ճշտեցին, ուղղեցին, ընդհանուր նորմալ ընթանում է արդեն: Չեմ կարող ասել հատուկ էր, բայց ամեն դեպքում ճշտեցինք, հիմա նորմալ գնում ա»:

Դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ևս ահազանգի հետքերով եկել էր այս տեղամաս: Լրագրողների հետ զրույցում Սաքունցն ասաց, թե էական տարբերություն կա այս և նախորդ խորհրդարանական ընտրությունների միջև․ - «Մենք, բնականաբար, չէինք կարող յոթ ամսվա ընթացքում, կամ մեկ տարվա ընթացքում ամբողջովին ունենալ այնպիսի նոր իրավիճակ՝ կարողության, մտածելակերպի, որպեսզի զերծ մնանք ընդհանրապես որևէ տեխնիկական կամ կազմակերպական բնույթի խախտումից: Բայց արմատապես փոփոխությունը կայանում է նրանում, որ իրապես վարչական հրահանգ ընտրողներին բերման ենթարկելու․․․ լարվածություն․․․ ես չեմ նկատել»:

Լոռու մարզում առաջադրվել է ընդհանուր թվով 111 ռեյտինգային թեկնածու: Ժամը 17-ի դրությամբ Վանաձորում քվեարկել է 37265 ընտրող, կամ ընտրողների 38,68 տոկոսը:

Նախորդ խորհրդարանաական ընտրությունների նույն ժամանակահատվածում ընտրությանը մասնակցել էր 44227 ընտրող, կամ ընտրողների 45,99 տոկոսը:

Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ լուրջ խնդիրներ չեն արձանագրվել: