«Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա»․ Վանեցյանի արձագանքը Քոչարյանին

«Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա», - այսօր հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը՝ «Ազատության» հարցին ի պատասխան հակադարձելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը հաջորդած պնդումներին:

«Ազատություն»․ - Կալանավորումից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր նկատմամբ անձնական վենդետա է իրականացվում: Դրան հաջորդեց Հանրապետականի հայտարարությունը, որտեղ նշված էր, որ այդ կալանավորումը իրավապահների կողմից ընդդիմախոսներին ճնշելու, նախընտրական շրջանում ճնշումներ բանեցնելու, վախեցնելու քայլ էր: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունները:

Արթուր Վանեցյան․ - Ուրեմն, Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, Քրեական օրենսգրքում կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, դատարանում ամեն ինչ պարզ կլինի:

«Ազատություն»․ - Իբրև ապացույց՝ հղում է կատարվում նաև այդ գաղտնալսված ձայնագրությանը:

Վանեցյան․ - Եկեք գաղտնալսման մասին էլ խոսենք: Ի՞նչ եմ ասել ես գաղտնալսման ժամանակ: Գաղտնալսման տեքստը բոլորդ լսել եք, բոլորդ գիտեք: Նախ ասեմ, որ մասամբ մոնտաժված է, մասամբ չէ, այսինքն՝ մոնտաժված է այնքանով, որ էն մասերը, որը ձեռ չի տալիս գաղտնալսողներին, հանած է, չկա այդ մասը:

«Ազատություն»․ - Կոնկրետ ես մեջբերեմ՝ մոնտաժվա՞ծ է՝ «դատավորը զանգեց ինձ, մի քիչ վախում ա էդ կալանքը տա, ասեցի մի հատ գործը ուսումնասիրի, որտեղ թույլ տեղ տեսնում ա, հիմա դատավորը նայում է, կզանգի կասի»:

Վանեցյան․ - Ես էլի եմ հերքում: Լսեք, ուրեմն՝ վարչապետին եթե, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եթե զեկուցում է վարչապետին մի տեղեկատվություն, ինքը չի մանրամասնում, թե որտեղից ստացավ տեղեկատվությունը, ով իրեն զանգեց ասեց, ինչ զանգեց ասեց, այսինքն՝ ամփոփվում է, հակիրճ զեկուցվում է: Եթե ես ասեմ՝ տեղեկատվություն ստացանք, էսինչը ասեց էսինչի մասին, էնինչը՝ նրա մասին, նորմալ չի, չէ՞, վարչապետին զեկույցի ժամանակ, և այդ իսկ պատճառով՝ հակիրճ կպցրած է: Ուրեմն, էստեղ շատ կարևոր մի հանգամանք կա՝ վարչապետը ասեց՝ «ապահովիր դատարանի անկախությունը, որ ոչ մեկ դատարանի վրա ճնշում չփորձի գործադրել»: Սա է եղել վարչապետի ասածը հիմնական:

<․․․>

Ես չեմ կանխորոշում ելքը: Ես չգիտեմ, որ կկալանավորի [Ռոբերտ Քոչարյանը], ես գիտեմ, որ ընթանում է դատական պրոցես, որի արդյունքում լինելու է․․․ Ես ասել եմ կկալանավորի՞, ես չեմ հիշում:

Հարց․ - Բառացի ասել եք՝ հիմա դատարանը կալանքը կտա․․․

Վանեցյան․ - Կարող է ինչ-որ բառի բան է եղել, եսչգիտեմ:

․․․

Եկեք մի հատ բան ասեմ՝ էս թեման փակենք: Ուրեմն՝ կա գաղտնալսում, կա իմ խոսակցությունը, և ես որևէ բան չեմ արել, ինչից երբևիցե կամաչեմ՝ կամաչեմ որպես Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, երբևիցե չեմ արել մի բան, որի համար կամաչեն իմ ծնողները իմ համար, իմ ընտանիքը, կամ ես պարզ երեսով չեմ կարող նայել հասարակության և ժողովրդի աչքերին:

Ուրեմն, ինչ եղել է, եղել է, ինչ որ կա, լսվել է, լսվել է, և ես չեմ կարծում, որ մի սարսափելի բան է եղել: Ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը և գնահատականը կտա:

«Ազատություն»․ - Պնդում եք, որ դատավորի հետ չեք խոսել Դուք, որևէ շփում չեք ունեցել:

Վանեցյան․ - Ես դատավորի հետ չեմ խոսել, իմ հեռախոսը՝ իմ բջջային հեռախոսը, տրվել է անկախ փորձագիտական մարմնի, որը որ իրականացրել է իմ բջջային հեռախոսի վերծանումը, այսինքն՝ ոչ միայն վերծանումը՝ թե այդ պահին ինչ կա հեռախոսի մեջ, այսինքն՝ հատուկ ծրագրի միջոցով վերականգնվել են բոլոր հավելվածների, որը որ կա՝ Viber, What’sUp, և այլն, և այլն, բոլոր հավելվածների, անգամ իմ անձնական գրագրությունը կնոջս հետ, որ եղել է, դա քրեական գործի նյութերում կա: Իմ հեռախոսը հանձնվել է փորձագիտական մարմնին քննչական մարմնի պահանջով և ամբողջությամբ վերծանվել է:

<․․․>

Եկեք մի գնահատեք, որ հեռախոսը գաղտնալսեցին, ուրեմն՝ ազգային անվտանգության սպառնալիք կա: Ոչ, ազգային անվտանգության․․․ Դա, գիտե՞ք ինչ, ողջ աշխարհում էսօրվա զարգացած տեխնիկայի պարագայում, Մերկելին էլ են լսել, Չինաստանի ղեկավարին էլ են լսել, տո սաղին էլ լսել են, հլը մի մասին էլ լսել են՝ չեն ասել: Ազգային անվտանգության սպառնալիքը կլինի, եթե մեր սահմաններում լինի անհանգիստ, եթե լինեն պատերազմական գործողություններ, նախապատրաստում պատերազմական գործողությունների, որը մենք չիմանանք, մարտունակությունը․․․