«Եթե ցանկանում ենք, որ ինչ-որ լավ բան լինի, պետք է միասնական լինենք». Գագիկ Ծառուկյան

Այսօր ամբողջ աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են, Առինջի 29/29 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։

«[Մեծ սեփականատերեր] ոչ պաշտոնի կարիք ունեն, ոչ փողի, եթե նրանք սիրում են իրենց հայրենիքը, իրենց ժողովրդին, ուզում են լավ բան անեն», - ասաց Ծառուկյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե լինելով խոշոր սեփանակատեր ինչո՞ւ է ուզում մտնել խորհրդարան ու դառնալ պատգամավոր՝ Ծառուկյանն ասաց. - «Որ քո պես երիտասարդն, իրա ընտանիքը լավ ապրի, որ քո երեխան լավ ապագա ունենա։ Տեսած մարդն, ունևոր մարդն ուզում է լիարժեք իր հնարավորությունն օգտագործի՝ երկրի զարգացման, հզորացման, ժողովրդի բարեկեցության համար։ Մտնում ես մարզեր, լացդ գալիս է, ամբոխի մեջ մտնում ես, նայում ես մարդու հագածին, մարդու վիճակին, սիրտդ լցվում է»։

Ծառուկյանը նշեց՝ միմյանց վրա ցեխ նետելու փոխարեն, պետք է գործել միասնական՝ ժողովրդի վիճակը բարեկեցիկ դարձնելու, երկիրը զարգացնելու համար։

«Եթե մենք ցանկանում ենք, որ ինչ-որ լավ բան լինի, պետք է ազգովի, միասնական լինենք, ոչ թե ամեն մեկն աշխատի մյուսի վրա ցեխ շպրտի, այլ պետք է միասնական կանգնեն, առաջարկեն ծրագիր, մոտեցում՝ ո՞նց արվի, որ երկիրը զարգանա, հզորանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ դառնա», - ասաց ԲՀԿ առաջնորդը։

Հարցին, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված ի՞նչ կարծիք ունի, Ծատուկյանը պատասխանեց. - «Իրավապահ մարմինները պետք է համապատասխան դա հիմնավորեն, կամ ճշտեն, դա չգիտեմ։ Իրավական դաշտում է այդ հարցը, կպարզվի, կճտվի, համապատասխան բոլորն էլ կիմանան»։

«Ազատության» հարցին, թե ըստ իրեն, դատարանների վրա ճնշում կա՞, ինչպես Քոչարյանն է կարծում, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց. - «Ամեն մեկն ասում է, դա պարզ կլինի քննությունից հետո, իրենք պատրաստ են Եվրադատարան դիմել։ Կա օրենք, օրինականություն, բոլորն այս երկրում օրենքի, օրինականության առաջ հավասար են, կճշտվի, կասեն։ Արդարացի է՝ կարդարացնեն, մեղավոր է՝ կպատժվի։ Ասում են՝ «արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում», մեղավո՞ր է՝ կպատժվի, մեղավոր չի՞՝ կարդարացվի, ինչի՞ մասին է խոսքը»։

Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց:

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին: Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը, որը նախկին նախագահին կալանավորելու որոշում էր կայացրել:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։