«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը քվեարկել է հանուն «ինքնիշխան, հզոր և բոլոր հայերի համար հայրենիք դարձող հանրապետության»: Այդ մասին նա հայտարարեց քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ազատության» հարցին, թե այդ նախադրյալներն այսօր կա՞ն, Ավետիսյանը պատասխանեց. - «Այո՛, այդ նախադրյալները կան, և մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որ դրանք իրականություն դառնան»։
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր ասաց, որ աննախադեպ քարոզարշավ է իրականացվել։ Հարցին, թե կիսո՞ւմ է Օսիպյանի այդ կարծիքը, Ավետիսյանը պատասխանեց. - «Ոստիկանապետը չէ, որ պետք է ասի, թե քարոզարշավն ինչպիսին է եղել, դա իր պարտականությունների մեջ չի մտնում, և մեր պատկերացրած Հայաստանում առհասարակ ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններ կատարելուց և քաղաքականության մեջ մտնելուց։ Սա անցումային վիճակ է, և համոզված ենք, որ մենք շուտով այլևս նման երևույթների ականատես չենք լինելու»։
«Ազատության» հարցին, թե ընտրությունների համար հավասա՞ր պայմաններ էին ստեղծված, Ավետիսյանը պատասխանեց. - «Այնպիսի ժամանակ ենք ապրում, բնականաբար, մեր ուզած հավասարությունը չէր կարող լինել, բայց այս ընտրությունը մի միջանկյալ փուլ է, որ կտանի մեզ, համոզված եմ, դեպի արդար, ազատ, հավասար, թափանցիկ ընտրություններ։ Հիմա կա ազատություն, բայց շարունակությունը մեր ժողովուրդը, բոլորս միասին մենք կապահովենք»։