Իսրայելում 40 բժիշկների, բուժաշխատողների ձերբակալումը ստվերում է Հայաստանի կրթական համակարգը․ նախարարի պաշտոնակատար

Իսրայելում 40 արաբ բժիշկների, ատամնաբույժների, դեղագործների և զանազան բուժհաստատություններում աշխատող ու վերաորակավորում անցնող մասնագետների ձերբակալումը ստվերում է Հայաստանի կրթական համակարգը, կարծում է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Ըստ իսրայելական աղբյուրների՝ ձերբակալվածները բժշկական կրթություն են ստացել հայաստանյան ոչ պետական բուհերում՝ «Հայբուսակ» համալսարանում, Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում և կասկածվում են կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։

Նախարարի պաշտոնակատարը վստահ է՝ խնդիրը նոր չէ, և բացահայտումներն էլ նախկինում եղած գործընթացների հետ են կապված․ - «Սա շատ մեծ բացասական ազդեցություն կարող է ունենալ մեր ընդհանուր կրթական համակարգի վրա, և հիմա պետք է հետևանքները վերացնենք, դիմեք իսրայելական կողմին՝ նախ ապացույցներ ստանալու համար, բայց վստահ եմ, որ շուտով, երբ համապատասխան ատյանները և վերահսկող մարմինները ստուգումներ իրականացնեն, մենք արդեն այստեղ պատկերը կունենանք»:

Արայիկ Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ փոքր բուհերի մասով երկրում կան խնդիրներ, և ինքն անձամբ բազմիցս կոչ է արել միավորվել, վերակազմավորվել, սակայն վերջիններս չեն համաձայնել։ Ըստ նրա՝ եթե արձագանք չլինի, ստիպված կլինեն կտրուկ գործողությունների դիմել: - «Ըստ էության, նրանց կողմից այս ընթացքում լուրջ քայլեր չարվեցին և հիմա պետությունը իր շահը և մյուս՝ որակյալ կրթություն տվող բուհերի շահը պաշտպանելու համար պետք է գնա համապատասխան քայլերի», - ասում է Հարությունյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Իսրայելի առողջապահության նախարարության հայտարարության մեջ հստակ նշված է, որ Հայաստանի մի քանի բուհեր չեն համապատասխանում իրենց չափանիշներին։ Եվ դրա վրա չի կարելի աչք փակել․ - «Պետք է ամեն դեպքում զբաղվել դրանով, այդ բուհերը՝ չհամապատասխանելու դեպքում, պետք է կամ վերափոխվեն, դառնան համապատասխան, կամ դադարեն աշխատել: Ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում»:

Կեղծ դիպլոմների տրամադրման մեջ կասկածվող մասնավոր բուհերի ռեկտորները, մինչդեռ, հերքում են իրենց մասին հնչող մեղադրանքները։

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի հիմնադիր ռեկտոր Լարիսա Համբարձումյանի վստահեցմամբ՝ իրենք ուսանողներին տվել են սովորական, ոչ պետական դիպլոմներ։ Խնդիր մինչ այսօր մի երիտասարդի հետ է առաջացել․ Իսրայելից հարցում էին ուղարկել համալսարան: - «Ֆիքսել ենք, որ նա այսքան տարի սովորել է Ռուսաստանի Դաշնության Բոգոմոլցևի համալսարանում՝ հինգ տարի, և վերջին՝ հինգերորդ կուրսը ավարտել է մեզ մոտ և ստացել է մեր սովորական դիպլոմը: Այդ աղմկոտ պատմության մեջ սա եղել է», - պատմում է նա:

«Մխիթար Գոշ» համալսարանի հիմնադիր ռեկտոր Հայկ Դերզյանի խոսքով՝ կեղծ դիպլոմի դեպքում այդ մասնագետները գիտելիք չէին ունենա և չէին կարող աշխատանքի անցնել։ - «Մեր բուհը իր գործունեության ընթացքում ոչ մի անգամ կեղծ դիպլոմի հետ չի առնչվել, որևիցե անգամ կեղծ դիպլոմ չի տվել: Մենք տվել ենք Բարձրագույն կրթության մասին օրենքով բուհին ընձեռված, սահմանված կարգով դիպլոմներ: Մարդիկ եկել են, սովորել են, ավարտական քննություններին դրական նիշով մասնակցել են, ստացել են իրենց ավարտական փաստաթուղթը: Եթե կեղծ դիպլոմներ են եղել, էդ ինչպե՞ս եղավ՝ Իսրայել պետությունը, երբ որ մարդիկ անցել են իրենց մոտ լիցենզավորում, իրենց գիտելիքները ստուգել են և չեն հայտնաբերել», - հարցնում է Դերզյանը:

«Հայբուսակ» համալսարանից «Ազատությանը» որևէ պարզաբանում չտվեցին։