«Քաղաքացու որոշումը» համարում է, որ քարոզարշավում չձևավորվեց գաղափարական բանավեճ

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գևորգ Բաբայան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավն ամփոփեց քաղաքացիական պայքարի խորհրդանիշ Մաշտոցի պուրակում, որտեղից էլ, ի դեպ, կուսակցությունը մեկնարկել էր քարոզարշավը։

Կուսակցության անդամ Գևորգ Բաբայանը քարոզարշավն ընդհանուր առմամբ դրական է գնահատում, սակայն ընդգծեց, որ ընտրարշավի ընթացքում այդպես էլ չձևավորվեց բովանդակային, գաղափարական բանավեճ․ - «Ոչ ոք չեղավ, որ քննադատեր մեր ծրագիրը, ասեր՝ գիտեք ինչ, էս, էս կետերը հնարավոր են, էս, էս կետերը՝ ոչ․․․ Եվ ստացվեց այնպես, որ «Իմ քայլը» և Հանրապետականը իրենց կրակահերթով օկուպացրեցին բոլորի մտքերը և ընդհանուր մեդիա դաշտը, ցավոք սրտի: Հիմա մենք հեղափոխությունից հետո գնում ենք նոր Հայաստան կառուցելու: Ի՞նչ գաղափարներով, ի՞նչ ծրագրերով: Ցավոք, դա մենք չունեցանք»:

Նորաստեղծ կուսակցությունում, որի անդամները հիմնականում քաղաքացիական ակտիվիստներ են, վստահ են, որ անցողիկ շեմը հաղթահարելու են և լինելու են խորհրդարանում․ - «Մենք շատ դրական, պոզիտիվ էմոցիաներով ընդունվեցինք ժողովրդի կողմից: Մենք այցելեցինք մարզեր, Երևանի տարբեր թաղամասերում․․․ մենք սկսեցինք մանդարին բաժանել և մեր թռուցիկները: Ժողովուրդը ընդհանուր շատ պոզիտիվ է տրամադրված: Եվ էն բանը, որ ընտրությամբ բան չի փոխվի, բան․․․ էդ մոտեցումը չկա հիմա: Էդ մոտեցումը շատ դրական է: Մարդիկ ցանկանում են հասկանալ, թե ովքեր են մենք, և ինչ ենք մենք առաջարկում: Երբ անցնենք խորհրդարան, առաջնահերթությունը լինելու է քննարկումը, երկխոսությունը նոր Սահմանադրության վերաբերյալ, կուսակցությունների և հանրային միությունների մասին օրենքի և նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Քանի որ մենք համարում ենք, որ այս Ընտրական օրենսգրքով մենք ասում ենք ազատ ընտրություններ, բայց արդարությունը դեռևս հարցականի տակ է դրված, քանի որ ռեյտինգային ընտրացուցակով մենք հնարավորություն ենք տալիս դեռևս թաղային խուժանին առավելություն ունենալ գաղափարային, քաղաքական ընտրություններում: Ճիշտ է, եթե չանցնենք, դա ողբերգություն չի: Մենք ավելի հեռահար նպատակ ունենք: [Եթե չանցնեք], Վստահաբար հետևողականորեն հետևելու ենք քաղաքականությանը, ինչպես և հետևել և մասնակցել ենք քաղաքականությանը փողոցում: Շարունակելու ենք դա»: