Ռոբերտ Քոչարյանը «քաղաքական» է որակել Վերաքննիչ դատարանի որոշումը իր կալանավորման մասին

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «քաղաքական» է որակել Վերաքննիչ դատարանի որոշումը իր կալանավորման մասին: Քոչարյանի հայտարարությունը այսօր հրավիրած ասուլիսում ընթերցեց վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ: Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում», - հայտարարել է Քոչարյանը:

Հիշեցնելով, որ մեղադրական կողմը ներկայացնում էր վեց հոգանոց դատախազական թիմ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավորությամբ, նախկին նախագահը փաստել է, որ դա՝ «մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է»:

«Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը», - նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Վերաքննիչ դատարանն այսօր որոշել է անփոփոխ թողնել Քոչարյանի կալանավորման մասին առաջին ատյանի որոշումը: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը:

«Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որը իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ: Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները», - հայտարարել է երկրորդ նախագահը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին հրապարակվեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որում վերջիններս քննարկում են Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի հարցը: Ավելի վաղ էլ հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը նույն թեմայով:

«Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին: Բացի այդ, պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել», - նաև հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ վաղ թե ուշ ապացուցելու է իր անմեղությունը: