Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրուցել է գերիների փոխանակման հարցերից։ Այդ մասին այսօր Վանաձորում «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ցավոք համաձայնության չեն եկել։
«Ալիևի հետ հանդիպում չի եղել, Ալիևի հետ զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված և, ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, որովհետև գիտեք, որ իրենք առաջարկում են «բոլորը բոլորին», բայց մենք այդտեղ խնդիր ունենք, և Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք։ Եղել է ուղղակի շփում, զրուցել ենք բանակցային գործընթացին նախորդ պատմությունից, դրվագներից և այլն», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Այսինքն՝ ոչ թե հանդիպում է եղել, այլ ուղղակի շփում։ Դուք գիտեք, որ բացի ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից, դրանից հետո ԱՊՀ ֆորմատով ճաշ էր»։
Նշենք, որ նոյեմբերի սկզբին Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պնդել էր, թե դեռ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմից հետո, դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և առաջարկել փոխանակել գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Երևանը, մինչդեռ, պնդում է, որ գերիների փոխանակման մասին պաշտոնական որևէ առաջարկ Բաքվից չի ստացել։ Միևնույն ժամանակ Երևանն ու Ստեփանակերտը հայտարարել են, որ մերժում են «բոլորը բոլորի դիմաց» տարբերակը, քանի որ այժմ հայկական կողմում գտնվող ադրբեջանցիները ոչ թե ռազմագերիներ են, այլ՝ հանցագործության համար դատապարտված անձինք:
Փաշինյանն այսօր ասաց, որ Սանկտ Պետերբուրգում խոսել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Հարցին, թե Լուկաշենկոյից բացատրություն պահանջել է, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. - «Այո՛, գիտեք, ես եթե իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ դա անեմ։ Խոսակցությունն ինձ բավարարեց»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Լուկաշենկոյի այս քայլին, հայտարարել էր. - «Ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից»։