Լուկաշենկոն սպասում է Հայաստանի հրավերին, որ գա և իր խոսքն ասի․ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ամփոփում է նախընտրական քարոզարշավը՝ ընտրապայքարից դժգոհ չէ:

«Գոհ եմ: Բայց տեսնելով մեր ժողովրդի վիճակը, իմ սրտից արուն էր գնում․․․ Որ ասում ենք, տնտեսական աճ կա, զարգացում կա․․․ Տեսնելով մարդկանց հագ ու կապը, մարդկանց պահվածքը, արդեն ինքնըստինքյան քու պատկերացումը կա՝ տնտեսական աճ կա՞, զարգացում կա՞, հզորացում կա՞, թե՞ չկա», - նշեց նա:

Գործարար պատգամավորը 12 օր Հայաստանի տարբեր համայնքներում ընտրողներին խոստացավ տնտեսական բարեփոխումներ, հարկային ու վարկային արտոնություններ: Նա վստահեցրեց, թե, անկախ քաղաքացու վստահության քվեի քանակից, ԲՀԿ-ի ընտրվել-չընտրվելուց, լինելու է Նիկոլ Փաշինյանի կողքին․ - «Ես համագործակցել եմ, համագործակցում եմ, համագործակցելու եմ Նիկոլ Փաշինյանի հետ»:

Քաղաքացիների նյութական աջակցության խնդրանքներին խոստացավ միայն դեկտեմբերի 9-ից հետո․ - «Ծառուկյանը ինչ ասում ա, մի բան էլ ավել կատարում ա: Ծառուկյանը այսօր, տեսնելով Երևան քաղաքի պրոբլեմները․․․ որ էսօր իմ երևանցիները ապրում են, տեսնելով էդ կարգավիճակը, որ իմ դուրը չի գալի, կարելի ա փոխել, կազմակերպել: Կետ առ կետ ասել եմ, ըստ ոլորտների՝ տրանսպորտի, աղբահանության, բնակելի շենքերի, լիֆտերի: Մարդկանց բերել եմ, ներդրողներ, ասել եմ, որ սա անում եք, սրա դիմաց սա եք ստանում: Որևիցե մի քաղաքական գործիչ թող ասի, որ իր ծրագրի մեջ ինքը ասում է, օրինակ, տրանսպորտը ոնց ա փոխելու: Ես ասել եմ ոնց ենք փոխելու, ոչ թե հարյուրը սարքելու ենք հարյուր հիսուն դրամ, հարյուր դրամ մնալու ա: Եվ դրանից ելնելով էլ քաղաքը կարա ունենա հարյուր միլիոն դոլար ավելի իր բյուջեին գումար գումարվի: Ես բացատրել եմ ոնց»:

Ծառուկյանը կարծում է, որ իրենց հաջողվեց ասելիքը հասցնել ընտրողին, իսկ թե կվստահե՞ն իր գլխավորած ուժին, թե՞ ոչ՝ պարզ կլինի երկու օրից․ - «Ոչ թե ձայն տան, չտան․․․ արել եմ, անում եմ, անելու եմ: Կարևորը, այն վստահությունը, այն հավատքը չկա ժողովրդի մեջ, որ Ծառուկյանը կարող է ասենք թե անել: Ում հավատում են, նրան էլ թող ձայները տան․․․ Բայց ես ասում եմ՝ որևիցե մեկից էլ չեմ նեղանում: Ամեն մարդու պատկերացումն ա, իր հավատն ա․ ում հետ հույսը կապում է, նրան էլ ձայնը տալիս է»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, ի տարբերություն ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչների, խուսափում է խոսել ընտրության արդյուքների իր ակնկալիքներից:

Հարցին՝ եթե ԲՀԿ-ն այս անգամ չհաղթահարի անցողիկ շեմը, կշարունակի՞ քաղաքական գործունեությունը որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, թե՞ կփակի քաղաքական էջը, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց․ - «Ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ: Իմ ուզածը [այն է], որ իմ երկիրը, իմ ժողովուրդը լավ ապրի: Ես կայացած, ունևոր, սեփականատեր մարդ եմ: Էսքան ընկնելով, ներկայացնելով՝ իմ ժողովրդին երբեք չեմ ասել՝ ժողովուրդ ջան, ձեր ձայնը որ տաք ինձ, անպայմա՜ն, ձեր ցավը տանեմ, սա եմ անելու․․․ Անողը պետք է արած լիներ: Մարդը խոսքերը կարող է շատ ճոխ ասել․․․ Դուք պետք է նայեք ցանկացած քաղաքական գործչի ապրածը, մտածելակերպը, խոսակցությունը և իր արարքն ու գործունեությունը․․․»

ԲՀԿ-ի առաջնորդից հետաքրքրվեցինք հայ-բելառուսական հարաբերությունների բարելավման հարցում իր դերակատարումից: Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մտերիմ ընկերն է:

Վերջերս Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները լարված են՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի շուրջ տարաձայնությունների պատճառով: Նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո կազմակերպության անդամ երկրները փոխհամաձայնության չեն եկել, թե որ երկրի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի թափուր պաշտոնը: Մինչդեռ Բելառուսի նախագահը պնդում է, որ այդ պաշտոնը ստանձնի իր երկրի ներկայացուցիչը:

«Ես ասեմ, թող ամբողջ մեր հայրենակիցներն էլ իմանան, որ նոյեմբերի 24-ին եղել եմ Բելառուսիայում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչի հետ, և Ալեքսանդր Գրիգորիչը այսօր սպասում ա Հայաստանի կողմից հրավեր, որ նա գա Հայաստան և իր խոսքը ասի, իր մոտեցումը, իր նվիրվածությունը Հայաստանին և հայ ժողովրդին», - նշեց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե երբ է գալու Բելառուսի նախագահը, Ծառուկյանն արձագանքեց․ - «Գնա կառավարություն․․․ երբ որ հրավերը կուղարկեն, էդ վախտ էլ կգա»: