Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների հայտարարագրերը

Պատգամավորի թեկնածուները ԿԸՀ են ներկայացրել անցած մեկ տարվա գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Ստորև ներկայացնում ենք կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները գլխավորող պատգամավորի թեկնածուների հայտարարագրերը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճակահանությամբ որոշված քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարների։​

1. Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ Վիգեն Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող և վերջին 15 տարիներին բացառապես պետական պաշտոնյա եղած Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևանում՝ մեկը Հյուսիսային պողոտայում, մյուսը՝ Աբովյան փողոցում՝ 159.8 և 117 քառակուսի մետր մակերեսներով, նաև երկու ավտոտնակ, 2017 թվականի արտադրության մեկ «Տոյոտա Կորոլա» ավտոմեքենա:

Սարգսյանը հայտարարագրած թե՛ շարժական, թե՛ անշարժ գույքի միանձնյա սեփականատերն է։ Ըստ ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, Վիգեն Սարգսյանը չունի 8 միլիոն դրամը գերազանցող այլ թանկարժեք գույք և արժեթղթեր:

Վերջին մեկ տարում մոտ 5 միլիոն 400 հազար դրամ եկամուտ է ստացել պաշտպանության նախարարությունից ու «Լույս» հիմնադրամից:

Պաշտպանության նախկին նախարարն իր հայտարարագրում նշել է, որ այս պահին զբաղեցնում է «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։ Եկամուտի մի մասն էլ գոյացել է երևանյան նորակառույց «Ալեքսանդր» հյուրանոցից ստացած մոտ 4 միլիոն դրամից։ ՀՀԿ նախընտրական շտաբի հավաստմամբ, հյուրանոցը Վիգեն Սարգսյանին վճարել է իր աշխատակցին տրված վարձով բնակարանի գումարը:

Անցած մեկ տարում Սարգսյանը քաղաքացի Արամ Հովհաննիսյանից ստացել է նաև 85.000 դոլար նվիրատվություն, որը ևս որպես եկամուտ է հայտարարագրել։ Այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները կազմել են մոտ 6 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 6 հազար 123 եվրո:

2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը Երևանում մեկ տան ու ավտոտնակի սեփականատեր է, չունի ավտոմեքենա:

Ձեռնարկատիրական գործունեությունից վերջին մեկ տարում նա ստացել է ավելի քան 17 միլիոն դրամի եկամուտ։ Սահակյանը հայտարարագրել է նաև դրամական միջոցներ՝ 19 հազար դոլար, 5 միլիոն դրամ:

3. ՀՅ Դաշնակցություն՝ Արմեն Ռուստամյան

​ՀՅ Դաշնակցության ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը Երևանում ունի 98.5 քառակուսի մետր մակերեսով սեփական բնակարան։ Անցած մեկ տարվա ընթացքում ստացել է ավելի քան 9 միլիոն 900 հազար դրամ եկամուտ՝ մոտ 6 միլիոն 795 հազար դրամ կազմել է պատգամավորի աշխատավարձն, ավելի քան 3 միլիոն 111 հազար դրամ էլ ստացել է հայաստանյան 4 բանկերին տրված փոխառություններից: Ռուստամյանը հայտարարագրել է նաև 35 միլիոն դրամ, 16 հազար դոլար և 10 հազար եվրո դրամական միջոցներ։

4. «Իմ քայլը» դաշինք՝ Նիկոլ Փաշինյան

​«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարագրել է 2012 թվականի արտադրության մեկ HYUNDAI SONATA ավտոմեքենա, որի միանձնյա սեփականատերն է։ Անշարժ գույք, արժեթղթեր ու այլ ներդրումներ, ըստ հայտարարագրի, նա չունի, 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք իրեր ևս:

Փաշինյանի եկամուտն անցած մեկ տարում գոյացել է Ազգային ժողովի պատգամավորի՝ մոտ 3 միլիոն 426 հազար և վարչապետի մոտ 5 միլիոն 152 հազար դրամ աշխատավարձերից:

3 միլիոն 919 հազար էլ Փաշինյանը ստացել է «Անտարես» ընկերությունից՝ ենթադրաբար հեղինակած «Երկրի հակառակ կողմը» վեպի հրատարակությունից։ Փաշինյանի դրամական միջոցները այս տարվա նոյեմբերի 1-ին կազմել են 1800 դոլար։

5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ Էդմոն Մարուքյան

​«Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ունի 51.5 քառակուսի մետր մակերեսով բնակարան Վանաձոր քաղաքում, 2012 թվականի արտադրության «Տոյոտա Քեմրի» մեքենա, որոնց միանձնյա սեփականատերն է։

Ըստ հայտարարագրի, ավելի 11 միլիոն 155 հազար դրամի եկամուտ Մարուքյանն անցած մեկ տարում բացառապես Ազգային ժողովից է ստացել՝ որպես պատգամավորական աշխատավարձ, գործուղումների համար տրամադրվող օրապահիկի գումար, բնակարանի վարձ և այլն։ Մարուքյանը ունի մոտ 2.5 միլիոն դրամ, 1331 դոլար և 440 եվրո դրամական միջոց։

6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն՝ Լևոն Շիրինյան


«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանն, ըստ հայտարարագրի, Երևանում մեկ բնակարանի համասեփականատեր է, ստացել է 8 միլիոն 220 հազար դրամ եկամուտ Մանկավարժական համալսարանից, նաև ԳԱԱ-ից, ասաց՝ դասավանդում է։ Նա դրամական միջոցներ չի հայտարարագրել։

7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն` Լուսինե Հարոյան


«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը Երևանում մեկ բնակարանի համասեփականատեր է, հայտարարագրում գրել է, որ ինքնազբաղ է, միևնույն ժամանակ ունեցել է 2 միլիոն դրամ եկամուտ, որը համարել է «ընտանեկան»: Նա հայտարարագրել է նաև 1 միլիոն դրամ և երկու հազար դոլար:

8. «Մենք» դաշինք՝ Արամ Սարգսյան

​«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը հայտարարագրել է 378 քառակուսի մետր մակերեսով մեկ բնակելի տուն և մեկ տնամերձ հողամաս Արարատի մարզի Արարատ գյուղում, որտեղ նա համասեփականատեր է: Նա 1994 և 2017 թվականների արտադրության երկու մեքենաների համասեփականատեր է, ունի նաև 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք՝ 25.00- 35.000 եվրո արժողությամբ մեկ Cartier ժամացույց, 100.000- 150.000 դոլարի գրիչների հավաքածու, 16-րդ դարի ասեղնագործ սրբապատկեր, որը հայտարարագրում «անգին» է որակել։

Վերջին մեկ տարում Արամ Սարգսյանն, ըստ հայտարարագրի, իր եկամուտ ստացվել է պատգամավորական աշխատավարձից՝ 5 միլիոն 520 հազար դրամ և «Գալիք» ՍՊԸ-ում ունեցած շահաբաժնից՝ 108 միլիոն դրամ։ Սարգսյանը ընկերության 50 տոկոսի սեփականատերն է, 45 տոկոս բաժնեմաս էլ ունի «Հատուկ ցեմենտ»-ում: Նրա դրամական միջոցները կազմել են 30 միլիոն դրամ, 30 և 10․000-ական դոլար ու եվրո:

9. «Օրինաց երկիր» կուսակցություն` Արթուր Բաղդասարյան

​«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար աշխատած Արթուր Բաղդասարյանը մայրաքաղաքի Բայրոնի փողոցում 215 քառակուսի մետր մակերեսով մի բնակարանի և մի ավտոտնակի համասեփականատեր է: Ըստ հայտարարագրի, Բաղդասարյանն անցած մեկ տարում եկամուտ ստացել է Եվրոպական ու Ֆրանսիական համալսարաններից՝ 5-ական միլիոն դրամի չափով: Ունի 30 միլիոն դրամ և 50 հազար դոլար դրամական միջոցներ, հայտարարագրում պնդել է, թե չունի արժեթղթեր, շարժական և թանկարժեք որևէ գույք:

10. «Սասնա ծռեր» կուսակցություն` Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը Երևանում մեկ բնակարանի համասեփականատեր է, նաև՝ Մարտունիում երկու հողակտորի սեփականատեր: Ավետիսյանը համասեփականությամբ ունի նաև 2004 թվականի արտադրության «Նիսան Թիանա» ավտոմեքենա: Վարուժան Ավետիսյանը չի հայտարարագրել թանկարժեք գույք, դրամական միջոց և եկամուտ:

11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` Գագիկ Ծառուկյան

​Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատգամավորի թեկնածուների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն, կուսակցությունների և դաշինքների առաջին համարներից ամենաունևորը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Եթե մյուս տասը թեկնածուները իրենց հայտարարագրերը 3 էջում են տեղավորել, ապա Ծառուկյանինը 7 էջանոց է:

Առիթից առիթ խորհրդարան եկող Ծառուկյանը, ըստ հայտարարագրի, անցած մեկ տարում խորհրդարանից ստացել է ավելի քան 5 միլիոն 618 հազար դրամ աշխատավարձ։ Ծառուկյանի եկամուտները գոյացել են նաև «Արարատ Ցեմենտ» և «Զվարթնոց հոլդինգ» ընկերությունում ունեցած շահաբաժիններից, վարձակալության, տրված փոխառությունների դիմաց ստացած վճարներից ու տոկոսներից՝ ավելի քան 4 միլիարդ 201 միլիոն դրամ, 1 միլիոն 800 հազար եվրո, 333 դոլար։Իրեն ոչ թե գործարար, այլ սեփականատեր անվանել սիրող Գագիկ Ծառուկյանը 20-ից 100 տոկոսի բաժնետեր է 45 ընկերություններում: Նա ունի նաև ավելի քան 678 միլիոն դրամ, 161 միլիոն 321 հազար դոլար, 29 միլիոն 73 հազար եվրո դրամական միջոցներ, թանկարժեք գույք, այդ թվում՝ կահույք, վարագույրներ ու ոսկյա ու ադամանդե զարդեր:

Միայն կահույքն ավելի քան 930 հազար եվրո է գնահատվել, հայտարարագրածներից ամենաթանկարժեքը ճաշասենյակի կահույքն է՝ մոտ 128 հազար եվրո արժողությամբ, մետաքսե վարագույրների արժեքը գրեթե կրկնակի է՝ 251 հազար 799 եվրո:

Ծառուկյանի ունեցվածքի մեջ առանձին տեղ են զբաղեցնում ոսկյա շղթաներով և ադամանդե քարերով թանկարժեք մատանիներն ու ժամացույցները: Իր հավաքածուն նա գնահատել է 6 միլիոն 600 հազար դոլար: Ադամանդե քարով տղամարդ մեկ մատանին, օրինակ, 3 միլիոնանոց է, ոսկյա շղթայով ու ադամանդե քարերով 2 ժամացույցները յուրաքանչյուրը կեսական միլիոն դոլարանոց։ Նա նաև Առինջում գտնվող 5 շենք-շինությունների, 6 հողամասերի համասեփականատեր է: Ծառուկյանի հայտարարագրած 13 մեքենաները ևս համատեղ սեփականություն են։ Վերջին 15 տարիներին ԱԺ պատգամավոր եղած Գագիկ Ծառուկյանի ավտոպարկում տեղ են գտել նաև 2 Rolls-royce phantom, BMW X ամենագնացներ, մեկ Bentley BENTAYGA, մեկ RANGE ROVER SPORT։