Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդները դեռևս չեն լուծել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը: Այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը:
Լուկաշենկոն երեկ հայտարարում էր, թե ռազմական այդ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:
«Ոչ, հարցը չի որոշվել», - այսօր հերքել է Կրեմլի ներկայացուցիչը:
Երեկ պաշտոնական Երևանը նույնպես հերքել է Բելառուսի նախագահի հայտարարությունը: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը, մասնավորապես, հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ:
2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նոյեմբերի սկզբին ազատվեց այդ պաշտոնից: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում նոր գլխավոր քարտուղար չնշանակվեց, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետությունների ղեկավարները պայմանավորվել էին հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում, սակայն այն հետաձգվեց։
Մանրամասները տե՛ս այստեղ