30 տարում հնարավոր էր այնպես կազմակերպել, որ բոլորն էլ բնակարաններ ունենային. Գագիկ Ծառուկյան

30 տարում հնարավոր էր այնպես կազմակերպել, որ բոլորն էլ բնակարաններ ունենային, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվեց Ծառուկյանից, թե ինչի՞ հետևանք է, որ 1988 թվականի երկրաշարժից անցած 30 տարում աղետի գոտի հասկացությունը դեռ չի վերացել, կան տնակներում ապրող մարդիկ, մինչդեռ Հայաստանում շատ պաշտոնյաներ հարստացել են։

«Ամենակարևորն անհրաժեշտ է ճիշտ կազմակերպում, ցանկացած գումար պետք է ճիշտ, նպատակային ծախսվի, չփոշիանա։ Ինձ թվում է, որ 30 տարում հնարավոր էր կազմակերպել և բոլորն էլ բնակարաններ ունենային։ 21-րդ դարում առանց բնակարան... այսօր 3 հազար դոմիկ կա։ Հիմնական բացթողումը, որ ճիշտ կառավարում չի ընթանում», - ասաց ԲՀԿ առաջնորդը։

Հարցին, թե սա կոռուպցիայի՞ հետևանք է, Ծառուկյանը պատասխանեց. - «Ամեն ինչ էլ եղել է, ես ասում եմ՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, կապ չունի, թե ով է՝ ես եմ, Պողոսն է, թե Պետրոսն է, օրենքի առաջ, օրինականության առաջ բոլորը հավասար են։ Եթե կան փաստաթղթեր, կան հիմնավորում, ուրեմն բոլորն էլ պետք է իրենց թալանածը հետ բերեն, դնեն, և ճիշտ նպատակին ծախսվի»։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:

Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Ուղղակի նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։ Եվ մինչ օրս կան բազում չլուծված հարցեր․ աղետի գոտին դեռ ամբողջովին չի վերականգվել, հազարավոր մարդիկ դեռ տնակներում են ապրում: