Հեռուստաբանավեճը Գագիկ Ծառուկյանի «սրտով չստացվեց»

Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների հեռուստաբանավեճից «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գոհ չէր:

«Իմ սրտով չստացվեց», - այսօր Գյումրիում ասաց Ծառուկյանը: - «Ամեն կուսակցության ղեկավար պետք է իր տեսակետը, իր մոտեցումը, իր ծրագիրը կետ առ կետ․․․ պետք է ասեր որ ոլորտը ինչ սկզբունքով ոնց ա անելու: Որովհետև այսօր գիտենք մեր տնտեսական վիճակն էլ, մեր ֆինանսական վիճակն էլ: Պետք է ամեն մեկին հնարավորություն տրվեր․․․ օրինակ, գյուղատնտեսության հարցը՝ ոնց եք զարգացնելու, ինչ հիման վրա, ինչ գումարներով: Կամ ուսանողների հետ կապված, թոշակառուի, աշխատողի: Այնտեղ ոնց որ ամեն մեկը ուզենալով մեկը մյուսի հաշվին ինչ-որ դիվիդենտներ շահել․․․ Ես պատկերացնում էի, որ ամեն մեկը պետք է ասեր, թե ոնց պետք է անի տվյալ ոլորտի զարգացումը»:

Գագիկ Ծառուկյանը գյումրեցիներին ներկայացրեց, թե, ըստ իրենց, ինչ է պետք անել, որ երկիրը զարգանա, քաղաքացին էլ լավ ապրի:

ԲՀԿ ղեկավարը առաջնային է համարում հարկային օրենսգրքի փոփոխությունը․ - «Հարկավոր են բարեփոխումներ, հնարավորություն, արտոնություններ մեր ժողովրդին»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ընտրությունից ընտրություն, սկսած 2009 թվականից անդրադառնում է բանկային համակարգին ու քննադատում, որ վարկերի տոկոսադրույքները բարձր են․ - «Սա լոմբարդային համակարգ է: Հարկավոր է, որ մարդը դիմելուց, բանկերից օգտվի, ոչ թե դիմելուց արդեն էղածը կորցնի»:

Ծառուկյանը գյումրեցիներից կրկին հարյուրավոր նամակներ հավաքեց:

Հարցին, թե ինչ է լինելու այդ նամակների հետ, արձագանքեց․ - «Նամակները բոլորը կկարդան, Ծառուկյանին կներկայացնեն, ընտրությունից հետո նոր բոլոր նամակների պատասխանը կլինի: Քանի որ, բոլորը ներող լինեն, հարց ա դրած, որ ես էսօր ինչ-որ մի հատ հարց կարգավորեմ, դա ընտրակաշառք են գիտակցելու: Ծառուկյանը այդպիսի բան չի արել, չի էլ անելու: Ձեր բոլորի պատասխանները կլինեն ընտրությունից հետո»:

Գյումրեցիներից մեկը դիմեց Ծառուկյանին՝ թող կամ գնդակահարեն, կամ որդեգրեն իրեն: «Որդեգրում եմ քեզ», - արձագանքեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը նաև երկրաշարժի զոհերի հիշատակին կազմակերպված մոմավառությանը մասնակցեց:

Դաշնակցական թեկնածու․ «Մենք պետք է հստակ ասենք, որ մենք ուժեղ ազգ ենք»

Այսօր Գյումրիում էր նաև Դաշնակցության ցուցակի 3֊րդ համարը՝ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Արթուր Խաչատրյան

Նա խոսեց Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին․ - «Մենք հստակ ասել ենք և ասում ենք՝ Արցախի հարց գոյություն չունի, կա հայ ազգի խնդիր, և Արցախը Հայաստանի արցախյան հատվածն ա: Շատ հաճախ ասում են՝ դուք պատերազմ եք ուզում հրահրեք, բայց ես ասեմ՝ ընդհակառակը, հաղթում են այն ազգերը, ովքեր պատրաստ են պատերազմի: Ուժեղի վրա չեն հարձակվում, որովհետև գիտեն, որ եթե հարձակվեն, պատասխան կստանան: Թույլի վրա են հարձակվում: Եվ մենք պետք է հստակ ասենք, որ մենք ուժեղ ազգ ենք: Որևէ մեկի մտքով չանցնի, որ մեզ կկարողանա վախեցնի և մեզանից ինչ-որ միակողմանի զիջում պոկի»:

Դաշնակցությունը կարծում է, որ տնտեսության զարգացման գործում մասնավորին զուգահեռ պետությունը ևս պետք է ձեռնարկություններ ստեղծի․ - «Պետական ձեռնարկություններ կարելի է ստեղծել այնտեղ, որտեղ մասնավորը չկա, այնտեղ, որտեղ մասնավորը վախենում է մտնել: Որովհետև Հայաստանի տնտեսությունը ռիսկային է: Պետական - մասնավոր հատված գործընկերությունը պետք է զարգացվի»:

Պետք է տնտեսությունն ու գյուղատնտեսությունը զարգացնել այնպես, որ հարուստը ավելի չհարստանա աղքատն էլ՝ աղքատանա․ - «Տնտեսական աճին զուգահեռ էդ գործակիցը էլի աճում ա: Դա մեզ համար ընդունելի չի»:

Կոռուպցիայի դեպ պայքարին ու մենաշնորհներին նույնպես անդրադարձավ Արթուր Խաչատրյանը՝ ասելով, թե օլիգարխին սեփականատեր դարձնելով խնդիրը չի լուծվում․ - «Օլիգարխիայի խնդիրը ինչո՞ւմ ա կայանում, որ յուրաքանչյուրը, ամեն մեկը տնտեսությունը բաժանել ա իրար մեջ․․․ Եթե մենք ուզում ենք իրականում էդ օլիգարխիայի դեմ պայքարենք, մենք պետք է կարողանանք էդ մարդկանց տնտեսական մենաշնորհը քանդենք: Կամ մի քանի հոգու տնտեսական իշխանությունը քանդենք»: