Փաշինյան․ ՀԱՊԿ-ը կարող է թույլ չտալ ԼՂ հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի «պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին», - հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ», - ասել է Փաշինյանը:

Համոզմունք հայտնելով, որ «ՀԱՊԿ-ը կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը», Հայաստանի կառավարության ղեկավարը շարունակել է․ - «Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է»:

«Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն», - ասել է Փաշինյանը` ավելացնելով, որ լուրջ հարցեր կան Լեռնային Ղարաբաղի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից:

«Երբ այս հարցերի համատեքստում հարաբերությունները հստակեցնենք, կարող եմ երաշխավորել, որ երբևէ մեր հարաբերություններում որևէ կնճիռ չի լինի: Մեզ պետք չեն ֆորմալ կարգավիճակներ, մեզ պետք են փոխադարձ պարտավորություններ և դրանց լիարժեք իրականացում», - շեշտել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:

«Որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը»

Անդրադառնալով իր և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին՝ Փաշինյանը ասել է․ - «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում»:

«Իրականում այս գաղտնալսումն ապացուցեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում այդ դատական պրոցեսներում: Ինչո՞ւ էընդհանրապես կառավարությունն այս պրոցեսում ներքաշվել, որովհետև մեր միջազգային գործընկերները, մասնավորապես հատուկ ծառայությունների մասով, անընդհատ զանգահարել են ԱԱԾ տնօրենին այդ խնդրով, երկրորդը` դատական համակարգի ներկայացուցիչը ևս անընդհատ զանգահարել է ԱԱԾ` անվտանգության խնդրով և նշել, որ վախեցած են իրենց գործը կատարելուց: Միաժամանակ, ներկայացված հեռախոսազրույցի մի մասը կտրված է, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ տնօրենին, թե ի՞նչ է նշանակում` դատավորները վախենում են, չե՞ք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով․ - «Մոտավորապես տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում է եղել, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, և այդ խնդիրը կա: Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երևույթներն են: Համոզված եղեք` դրանք ևս արմատախիլ կարվեն: Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, և ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ»:

Խոսելով արդարադատության ոլորտի խնդիրների մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները կառավարության օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է, որովհետև այն ձևավորվել է բոլորին հայտնի միջավայրում և պայմաններում:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն սկսել է և առաջիկայում էլ կշարունակի Հայաստանի հետ կապված խայտառակ դատավճիռների հրապարակումը, որոնք ի ցույց կդնեն Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը: Մենք պետք է իրական երաշխիքներ ստեղծենք դատարանների անկախ գործունեության համար: Այսօր ՀՀ քննչական մարմիններն իրենց գործունեության մեջ ազատ են առավել քան երբևէ, եթե նկատի ունենք ավանդական ազդեցության միջոցները կառավարությունից դեպի դատական համակարգ: Բայց ես համոզված չեմ, որ նույն գաղտնալսողները չեն պահպանել իրենց ազդեցությունը համակարգի վրա, և ընտրություններից հետո իրական փոփոխություններ պետք է իրականացնենք», - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա հայտնել է, որ կա գաղափար` «փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ, աշխարհում կա այդպիսի պրակտիկա»:

«Առաջիկա 20 տարվա ընթացքում խնդիր ունենք կրկնապատկել մեր բնակչության թիվը»

«Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է, քան մեկնողների: Կարծում եմ` սա է հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Առաջիկա 20 տարվա ընթացքում խնդիր ունենք կրկնապատկել մեր բնակչության թիվը` առաջին հերթին տնտեսական զարգացմամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է, և այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ դա հնարավոր կլինի անել: Փաշինյանը հավելել է, որ այդ գործում կառավարությունը հույսեր է կապում նաև սփյուռքի ներդրումային ծրագրերի հետ:

«Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019 թվականին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի: Այդպիսով հստակ քայլեր կանենք արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին: Հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանով դուք ևս քաջալերված եք», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

«Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, բոլորս հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է, չպետքէ թույլ տանք, որ որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների ճանապարհը փակի: Ուստի չպետք է վախենանք գնալ հեղափոխական լուծումների, որպեսզի Հայաստանը ներդրումների համար դառնա առավել նպաստավոր», - շեշտել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հատկապես հայ ներդրողներն այսօր առանձնակի ակտիվություն և հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ: «Մենք դրանում շահագրգռված ենք, մեր կառավարությունը ոչ մի բիզնես շահ չունի, ինչը հնարավորություն է տալիս և բացառիկ շանս է ստեղծում, որպեսզի իսկապես ներդրումների համար ստեղծենք հավասար պայմաններ: Բացառիկ է, երբ քաղաքական իշխանությունն ընդհանրապես չունի բիզնես շահ: Եթե ինչ-որ պահի մեր կառավարությունում ի հայտ գա նման բան` խոստանում եմ այն վերացնել անմիջապես»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

ԵԱՏՄ-ում լոգիստիկ խնդիրների լուծումը գտնվում է օրակարգում

Փաշինյանը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում լոգիստիկ խնդիրների լուծումը գտնվում է օրակարգում: «Դա ԵԱՏՄ-ում քննարկվող ամենակարևոր հարցերից է: Պատրաստվում ենք պիլոտային ծրագիր իրականացնել, որով կդյուրացվի բեռների տեղափոխման գործընթացը, ապրանքները հավելյալ ստուգումների չեն ենթարկվի` թվային համակարգի ներդրման միջոցով»,- ասել է նա` անդրադառնալով նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ճանապարհային խնդիրների լուծման հնարավորություններին ու հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է այդ գործընթացով:

«Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ես ինձ շատ անվտանգ եմ զգում»

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման հետ կապված, ինչի առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է, որ Հայաստանի պետական պահպանութան ծառայությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը: «Ընդհանրապես ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ես ինձ շատ անվտանգ եմ զգում: Կարծում եմ` դա միայն անվտանգության խնդիր չէ, գուցե նաև մարդկանց վերաբերմունքն է ինձ անվտանգության զգացում ներշնչում», - ասել է Փաշինյանը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Նիկոլ Փաշինյանը այսօր նաև ներկա է գտնվել Հայաստանի գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում` Большой проспект Васильевского острова հասցեում:

Տեղեկացվել է, որ հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: Շենքը, որի տարածքը 320 քմ է, Հայաստանի հյուպատոսությանն է տրամադրվել 49 տարով` անվարձահատույց: Նոր շենքն ամբողջությամբ վերանորոգվել է տեղի հայ համայնքի միջոցներով: Հյուպատոսության նախկին տարածքը 2000 թվականին տրամադրվել էր վարձավճարով, ուներ ընդամենը 100 քմ տարածք և անհարմար աշխատանքային պայմաններ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հյուպատոսության նոր շենքի բացման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի հայ համայնքին մատուցվող ծառայությունների բարելավմանը, հյուպատոսության արդյունավետ աշխատանքին: «Հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, և նման միջոցառումներն ամրապնդում են մեր հարաբերությունները: Հույս ունեմ, որ Ռուսաստանում Հայաստանի հետ կապված նոր գրասենյակներ ևս կբացվեն, և ռուսական ներդրումները մեր երկրում կշարունակեն ավելանալ», - ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը: