Այս մասին, վկայակոչելով նավթարդյունաբերության ոլորտի իր աղբյուները, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Exxon-ը հույս ունի Կասպից ծովում գտնվող «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթահորերում ունեցած 6,8 տոկոս կազմող բաժնեմասի վաճառքի շնորհիվ շուրջ 2 միլիարդ ամերիկյան դոլար վաստակել, պնդում են ոլորտին մոտ կանգնած աղբյուրները», - գրում է Reuters-ը` հավելելով. - «Exxon-ի մրցակից Chevron ընկերությունը Reuters-ին տրամադրած հայտարարության մեջ նշում է, որ որոշել է վաճառել «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթահորի բաժնետոմսերի իրեն պատկանող չափաբաժինը` 9,57 տոկոսը: Ընկերությունը նաև մտադիր է վաճառել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի բաժնետոմսերի 9 տոկոսը»:
Չնայած համաշխարհային նավթային շուկայում շրջանառվող համառ լուրերին և Chevron-ից եկող հաստատմանը, Exxon-ի ղեկավարությունը առայժմ խուսափում է որևէ մանրամասն տեղեկություն հաղորդել ադրբեջանական շուկան լքելու վերաբերյալ:
«Մենք չենք մեկնաբանում [նավթային] շուկայում շրջանառվող լուրերն ու շահարկումները», - նշել է Exxon-ի մամուլի քարտուղար Ջուլի Քինգը:
Ադրբեջանի նավթային պետական ընկերության` SOCAR-ի ներկայացուցիչները գործակալությանը փոխանցել են, որ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են Exxon-ին, և «Ադրբեջանի նավթային ընկերությունը դրանք մեկնաբանելու կարիք չի զգում»:
«Ազերի-Չիրաղ-Գյունեշլիի» մեկ այլ խոշոր բաժնետերը` 30 տոկոսի սեփականատեր BP ընկերությունը, ևս գերադասում է չմեկնաբանել ամերիկացի գործընկերների` Ադրբեջանը լքելու մտադրությունը:
«Բաժնեմասերի վաճառքը կնշանակի, որ ամերիկյան այս երկու ընկերությունների քառորդ դար տևած ներկայությունը Ադրբեջանում մոտեցել է ավարտին: Exxon-ը և Chevron-ը Խորհրդային Միության փլուզումից հետո մեծապես օժանադակել են Ադրբեջանի ժամանակակից նավթարդյունաբերության ստեղծմանը` 1994 թվականին ձեռք բերելով «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նաթահորերի բաժնեմասերը», - գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ ժամանակին այդ համաձայնագիրը «Դարի պայմանագիր» էր հռչակվել, որի միջոցով Արևմուտքը հույս ուներ թուլացնել Եվրոպայի կախվածությունը ռուսաստանյան նավթից և գազից:
Reuters-ը նաև հիշեցնում է, որ այսօր ադրբեջանական նավթարդյունաբերության ոլորտում թվով հինգ ամերիկյան ընկերություններ են ներկայացված: Exxon-ից և Chevron-ից բացի, Ադրբեջանում աշխատում են նաև ամերիկյան Amoco, Pennzoil և McDermott նավթային ընկերությունները:
Ամերիկյան ընկերությունները, ըստ Reuters-ի, այժմ սկսել են կենտրոնանալ ԱՄՆ տարածքում, ինչպես նաև Հարավային Ամերիկայում գտնվող նավթային պաշարների արդյունահանման վրա: Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը Վաշինգտոնում աշխատող էներգետիկ ոլորտի փորձագետները, օրինակ, փոխանցել են, որ Exxon-ը լուրջ ներդրումներ է կատարում հարավամերիկյան Գայանա պետության ափամերձ գոտում հայտնաբերված նավթի պաշարները արդյունահանելու համար:
«Դեկտեմբերի 3-ին Exxon-ը հայտարարեց Գայանայում բացված 10-րդ նավթահորի և իր պաշարների` մինչև 5 միլիարդ բարել ավելացման մասին»`- գրում է «Թուրանը»:
Reuters-ի տեղեկություններով, Chevron-ը լուրջ ներդրումներ է կատարում Ղազախստանի խոշորագույն «Թենգիզ» նավթահանքում` մեծացնելով արդյունահաման ծավալները: Նախագծի ընդհանուր արժեքը, ըստ գործակալության, շուրջ 37 միլիարդ դոլար է:
Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «Թուրանի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ ամերիկյան ընկերությունների` Ադրբեջանը լքելու որոշումը հիմնականում տնտեսական դրդապատճառներ ունի, թեև դրանք միակը չեն:
«Ալիևի կառավարությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի նավթարդյունաբերության ոլորտում կապիտալ ծախսերի մակարդակի վրա: Ադրբեջանի նավթարդյունաբերությունը ծերանում է և նոր ներդրումների կարիք է զգում», - նշել է ամերիկացի փորձագետը` հավելելով․ - «Սա բավական ծախսատար ոլորտ է: Երբ նավթի գինը բարձր է, ընկերությունները կարող են իրենց թույլ տալ կապիտալ ներդրումներ կատարել: Նավթի գնի անկման պայմաններում, սակայն, այդ ներդրումները արագորեն վերածվում են միլիարդավոր դոլարների կորստի»: