Որքանով 11 քաղաքական ուժերի առաջնորդների բանավեճը կայացավ, այդքանով էլ, ըստ Չուքասզյանի, երեկ հստակ արտահայտվեց հին ուժերի միջև առկա «մարտիմեկյան կոալիցիան»:
Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն և «Օրիանց երկիր»՝ սրանք են, պատգամավորի թեկնածուի կարծիքով, կոալիցիայի մաս կազմողները․ - «Մարտի 1-ի կոալիցիան երևաց որպես հին ուժերի ներկայացուցիչներ: Իրենք որոշակիորեն փորձում էին խուսափել ռեժիմի հետ նույնանալուց, նկատի ունեմ սպասարկու ուժերը, որոնք եղել են: Էս ուժերը որոշակիորեն պետք է ժամանակ վերցնեին, և այս ընտրություններին խուսափեին ներկա լինելուց: Բայց իրենք որոշեցին, որ պիտի մասնակցեն»:
Մարտիմեկյան կոալիցիայից զատ, Չուքասզյանի խոսքով, բանավեճն ի հայտ բերեց նաև տատանվող ուժերին՝ այս դեպքում, ըստ նրա, «Լուսավոր Հայաստանին»։ Պատգամավորության թեկնածուն քննադատեց Էդմոն Մարուքյանի գլխավորած կուսակցությանը՝ մեղադրելով հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին մենակ թողնելու մեջ․ - «Իրենց ընկերներին փողոցում մենակ թողեցին հենց հեղափոխության ժամանակ, իսկ հիմա փորձում են իրենց ներկայացնել որպես հեղափոխության ջատագովներ: Էստեղ նույնպես խնդիրներ կան․ իրենց միշտ որոշակիորեն տատանվող ուժ են եղել, և երեկ, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ դարձավ նաև այդ հանգամանքը»:
3,5 ժամ տևած հեռուստաբանավեճի ժամանակ քաղաքական ուժերից ոմանք «Սասնա ծռերին» մեղադրեցին մարդասպանության մեջ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հիշելով 2016 թվականի հունիսին ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված 3 ոստիկանների մասին, Վարուժան Ավետիսյանին ասաց. ֊ «Մարդասպանությունը բնական իրավունք չի եղել, կյանքի իրավունքն է բնական»։
Գարեգին Չուքասզյանն այս առնչությամբ ասաց․ - «Դատավարությունը դեռևս շարունակվում է, և անմեղության կանխավարկածով ոչ մեկը ոչ մեկին չի կարող անվանել մարդասպան: Մենք, որպես քաղաքական ուժ, կողմնակից ենք նրան, որ լինի անցումային արդարադատության մարմինների կողմից դատավարություն, շարունակվի և ըստ ամենայնի բացահայտվեն բոլոր հանգամանքները: Մենք առաջին շահագրգռված ուժն ենք: Բայց նախապես մեզ պիտակավորելը նշանակում է, որ մարդը չունի տարրական իրավական գիտակցություն»:
Շարունակելով անցումային արդարադատության թեման՝ Չուգասզյանը պնդեց, որ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու հարցում մեղքի բաժին ունի նաև Փաշինյանի կառավարությունը։ Նրա կարծիքով, անցումային ժողովրդավարության այս փուլում կոշտ մոտեցումներ էին պետք․ - «Կարծում եմ, որ հատկապես Հանրապետական չակերտավոր կուսակցության նկատմամբ որոշակի մանդատ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ ստացել էր, որպեսզի իրենց հեռու պահեր ընտրություններից: Ինչ-ինչ պատճառներով, միգուցե մեղմության պատճառով: Մենք ավելի կոշտ մոտեցում ունեինք և մեր հայտարարություններով ասել էինք, որ անցումային արդարադատությունը ավելի շուտ կարելի էր սկսել և հեռու պահել էս կուսակցությանը ընտրություններից»:
Չուքասզյանը կրկին պնդեց, թե այս խորհրդարանը 1,5-2 տարվա կյանք է ունենալու։ Իսկ նոր ընտրություններ անցկացնելու պատճառը, ըստ նրա, այն է, որ հետագայում չեզոքացվեն այն ուժերը, որոնք դեկտեմբերի 9-ի քվեարկության արդյունքում կսողոսկեն խորհրդարան։