Բաքուն պնդում է, թե մտադիր էլ չէր «Բալ-Է» համալիրներ գնել

Ռուսաստանյան արտադրության «Բալ» առափնյա հրթիռային համալիրը, արխիվ

Բաքուն հերքում է տեղեկությունները, թե Ռուսաստանը մերժել է «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրներ վաճառել Ադրբեջանին: «Այդ հարցով որևէ բանակցություն չի եղել, մենք այդ համալիրները ձեռք բերելու մտադրություն չենք ունեցել», - ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, մինչդեռ, հղում անելով ռուսական պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան իր աղբյուրներին, երեկ գրել էր, թե կողմերն անգամ այս հարցով նախաստորագրված պայմանագիր են ունեցել, սակայն փաստաթուղթն այդպես էլ չի ստորագրվել: Ըստ այդ աղբյուրների, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է գործարքից՝ մտավախություն ունենալով, որ հրթիռները կարող են գործադրվել ռուսական նավերի դեմ կամ օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում: