Առաջարկված տարբերակները Սերժ Սարգսյանին չէին տալիս հեկտարներով ընդլայնվելու հնարավորություն. Էդուարդ Աղաջանյան

Համապատասխան մարմիններից անվտանգության վերաբերյալ պաշտոնական գրություն ստանալուց հետո կառավարությունը Սերժ Սարգսյանին կտրամադրի նրան արված տասնյակ առաջարկներից վերջինը, կամ Սերժ Սարգսյանի գրասենյակից կպահանջի պաշտոնական հրաժարում և այդպիսով կատարված կհամարի իր պարտավորությունը պաշտոնաթող նախագահի հանդեպ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Սերժ Սարգսյանը 10 տարուց ավել ապրել է կառավարական առանձնատանը։ Այդ տանը նրանք մեծ ներդրումներ են արել և պատահական չէ, որ 2018 թվականի սկզբին որոշում կայացվեց օտարել այդ տունը Սերժ Սարգսյանին, որովհետև ոնց ես հասկանում եմ՝ ինքը իրոք շատ տրամադրված էր ապրելու այդ տանը։ Նրա ակնկալիքները համեմատելի են Ռոբերտ Քոչարյաին տրամադրված առանձնատանը, իսկ Քոչարյանին տրամադրվել է մի առանձնատուն, որը նախկինում ՊՆ ընդունելության տունն է եղել, որին կից առկա է մի քանի հեկտար հողատարածք, որը Ռոբերտ Քոչարյանը գնել է, չնայած ի սկզբանե հեկտարներով տարածք կա, որը տրամադրվել է Քոչարյանին», - ասաց Աղաջանյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշում է, որ իրենք որոշել են միջինացված մոտեցում ցուցաբերել, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին տրամադրված բնակարանները համեմատելի չեն։ Քոչայանի տան տարածքը ավելի մեծ է, շուկայական գինն էլ ավելի բարձր է, ասում է Աղաջանյանը։

«Այն տունը, որը մենք տալիս ենք Սարգսյանին չի տալիս հեկտարներով ընդլայնվելու հնարավորություն, ես ենթադրում եմ ինքը նաև դրա ակնկալիքն է ունեցել, որը մենք չենք տվել»։

Հեղափոխությունից առաջ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել էր դեռևս 2008 թվականին Սերժ Սարգսյանին տրամադրված կառավարական ամառանոցի առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել պաշտոնաթող նախագահին։ Վերջինս, սակայն, ապրիլի 17-ին՝ վարչապետ ընտրվելուց երկու օր անց, երբ փողոցում բողոքի ակցիաներ էին ընթանում, անսպասելիորեն հայտարարեց, որ հրաժարվում է նշված առանձնատան սեփականության իրավունքից, պատճառաբանելով, թե դրա ժամանակը չէ։ Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աշխատակազմի ղեկավարին հանձնարարել էր լուծել երրորդ նախագահին օրենքով հասանելիք առանձնատան խնդիրը, սակայն պաշտոնաթող նախագահը այս ամբողջ ընթացքում հրաժարվել էր կառավարության առաջարկած մեկ տասնյակ առանձնատներից, հիմնականում անվտանգության հետ կապված հիմնավորումներով։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 31-ին դուրս է եկել կառավարական առանձնատնից և բնակություն է հաստատել Ձորաղբյուր գյուղում։