Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանել է այսօր հրապարակված գաղտնալսումը, որում, մասնավորապես, Փաշինյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քննարկում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցների ընտրության հարցը:
Ընդգծելով, որ «գաղտնալսումը մոնտաժված է», վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ դրանում ոչ մի նոր բան չկա, և որ սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում ինքը այդ զրույցի մասին նույնիսկ ավելի շատ մանրամասներ է պատմել: - «Ես տեղադրել եմ իմ ելույթը ԱԺ-ում, որտեղ ավելի շատ ինֆորմացիա կա, քան այդ գաղտնալսման մեջ», - հավելեց Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց, որ այն քննարկումները, որ գաղտնալսումներում վարում են Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետերը՝ «միանշանակ տեղավորվում է իրենց լիազորությունների շրջանակում»:
Վարչապետի պաշտոնակատարը, միևնույն ժամանակ, հարկ համարեց անդրադառնալ գաղտնալսման հրապարակման պատճառներին, նշելով․ - «ինչու է դա արվում՝ որովհետև կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է: Բոլոր կոռումպացվածներին հատ-հատ կանչելու ենք պատասխանատվության»:
«Սա, ըստ էության, հայտարարված պատերազմ է Հայաստան պետության նկատմամբ», - նաև հայտարարեց Փաշինյանը՝ խոստանալով․ ֊ «Գաղտնալսողներին սպասվում են քրեական գործեր, դատավճիռներ»: