Փաշինյանը մասնակցեց կենցաղային տեխնիկայի գործարանի բացմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցեց կենցաղային տեխնիկայի գործարանի բացմանը, որը գտնվում է Արմավիրի մարզի Մերձավան համայնքում։ Գործարանի բացումը հայ-լիբանանա-սիրիական նախաձեռնություն է:

Նախնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատող: Գործարանի նախնական կապիտալը և գործառնական ծախսերը կազմել են 4․5 մլն դոլար: Կենցաղային տեխնիկայի գործարանի աշխատանքը 3 փուլից է բաղկացած, առաջինը կենցաղային տեխնիկայի հավաքման փուլն է, որը կտևի երկու տարի, ապա կանցնեն տեխնիկայի արտադրությանը, որը կտևի ևս երկու տարի, և չորս տարի անց կգործի գործարանի` ամբողջությամբ ինքնավար համակարգը` կենցաղային տեխնիկայով ապահովելով ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանի այլ երկրներ։ Գործունեության առաջին փուլում կարտադրի 120 հազար անուն տեխնիկա։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդարացված են իր սպասելիքները գործարանից, ասաց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը, սակայն կարող ենք վեց ամսից միասին գալ և տեսնել, թե ինչ է կատարվում։ - «Բայց ներկայացուցիչների վստահությունը համոզվածություն է ներշնչում, որ ամեն ինչ լավ կլինի», -ասաց Նիկոլ Փաշինյանը։