Խաչատուր Քոքոբելյան. Հայ-ռուսական հարաբերությունները պետք է փրկել

Քարոզարշավն սկսեցին Սևան քաղաքից, ապա դաշինքի թեկնածուները եղան Գավառում։ Քարոզարշավը շարունակվելու է Մարտունիում և Վարդենիսում։

«Մենք» դաշինքը հանդես է գալիս հստակ արտաքին քաղաքական ծրագրով և առաջարկում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից և ինտեգրվել Եվրոպական միությանը։ Նախընտրական ծրագրում Հայաստանի ինտեգրումը Եվրոպական միությանը գերակայություն է, իսկ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցությունը՝ հիմնական նպատակ։

«Ազատության» հարցին՝ հաջողվե՞ց համոզել բնակիչներին, որ իրենց առաջարկած քաղաքական ուղղությունն է ճիշտը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները, մասնավորապես Գավառի, Մարտունու տարածաշրջանի, ապրում են Ռուսաստանում արտագնա աշխատանքով, դաշինքի երկրորդ համարը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց, թե իրենք հակառուսական քարոզչություն չեն իրականացնում, հակառակը՝ իրենք կողմնակից են հայ-ռուսական հաարբերությունների բարելավմանը։

«Հայ-ռուսական հարաբերությունները, «Մենք» դաշինքից բացի, մնացած քաղաքական ուժերը չեն ասում, որ պետք է բերվի նույն հարթության վրա, և մենք հակառուսական քարոզչություն չենք անում։ Հակառակը, ասում ենք, որ մեր ռուս բարեկամներին պետք է հորդորենք և պահանջենք, որ հայ-ռուսական հարաբերություններում նաև արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, մեր բարեկամների շահը պետք է հարգվի։ Չի կարելի անընդհատ փորձել իմիտացիա ստեղծել, որ մենք հայ-ռուսական հարաբերություններին դեմ ենք։ Ավելին, մենք ասում ենք՝ ի տարբերություն բոլորի, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է փրկել, ավելին, մենք մյուսների նման չենք կռանում և չենք ծամծմում մեր մոտեցումների մեջ և ասում ենք՝ հայ-ռուսական հարաբերություններում իրավահավասար և Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը պաշտպանող օրենսդրությունից բացի, նաև հայ-ռուսական հարաբերությունների բարեկամության 97 թվի պայմանագրի պահաջտարերն և իրավատերը պետք է լինենք», - նշեց Խաչատուր Քոքոբելյանը։

«Մենք» դաշինքում ընդգրկված են «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները։