Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին հրթիռային համալիր վաճառել՝ սեփական անվտանգության ու ղարաբաղյան խնդրի պատճառով

Ռուսաստանյան արտադրության «Բալ» առափնյա հրթիռային համալիրը, արխիվ

Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիր վաճառել, գրում է «Կոմերսանտ»-ը, մանրամասնելով՝ գործարքը տապալվել է ռուսական կողմի որոշմամբ: Ըստ պարբերականի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ի դեմս Ադրբեջանի պոտենցիալ վտանգ է տեսել և եզրակացրել է, որ այդ զինատեսակի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը կարող է սպառնալիք լինել Ռուսաստանի տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի համար:

Հակառակորդի նավերը խոցելու համար նախատեսված այդ համալիրով Ադրբեջանը սկսել էր հետաքրքրվել դեռ չորս տարի առաջ՝ Կասպից ծովի իր հատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ Մոսկվան ու Բաքուն անգամ նախաստորագրել էին դրանց մատակարարումների պայմանագիրը, սակայն փաստաթղթի վերջնական ստորագրմանը գործն այդպես էլ չէր հասել. Ռուսաստանի պաշտպանության նախարարության փորձագետներն առարկել էին, զգուշացնելով՝ համալիրը կարող է օգտագործվել հենց ռուսական նավերի դեմ: «Մեր այդ փաստարկների հետ վիճելն անիմաստ էր, այդ իսկ պատճառով, նախաստորագրված համաձայնագիրը բանակցություններից դուրս բերվեց», - ասել է նախարարության բարձրաստիճան զինվորականներից մեկը:

Ընդգծելով, որ գործարքը տապալվել է Ռուսաստանին սպառնացող հնարավոր վտանգների պատճառով, «Կոմերսանտ»-ի բարձրաստիճան աղբյուրները միաժամանակ չեն թաքցրել, որ այս հարցում դերակատարություն է ունեցել նաև ղարաբաղյան խնդիրը: «Այստեղ մի շատ նուրբ աշխարհքաղաքական հարց կա», - «Կոմերսանտ»-ին ասել է ռուսական պաշտպանական գերատեսչության աղբյուրը, մանրամասնելով՝ վերջին տարիներին համալիրի X-35 դասի հրթիռները, որոնք ունակ են խոցել հակառակորդի թիրախները մինչև 120 կիլոմետր հեռավորության վրա, արդիականացվել են և կարող են օգտագործվել ոչ միայն ջրում, այլև՝ ցամաքում: «Մենք այնքան էլ չէինք ցանկանա, որ այս զենքը գործադրվեր ղարաբաղյան հակամարտությունում», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:

Պարբերականը փաստում է, որ ռուսական առափնյա հրթիռները ցամաքում օգտագործելու մեկ փորձ արդեն արձանագրվել է՝ 2016-ի նոյեմբերին Սիրիայում, մասնավորապես՝ «Բաստիոն» համալիրի արդիականացված թևավոր հրթիռները՝ «Օնիքս»-ներն օգտագործվել են իսլամիստ ծայրահեղականների ցամաքային հենակետերն ու արդյունաբերական օբյեկտները ոչնչացնելու համար:

Մերժելով Ադրբեջանին այս հարցում՝ ռուսական կողմը միաժամանակ ընդգծում է, թե դա չպետք է որ խնդիրներ առաջացնի երկկողմ հարաբերություններում:

«Վերջին տարիներին Բաքուն ավելի քան 5 միլիարդ դոլարի ռուսական զենք և ռազմական տեխնիկա է գնել», - փաստում է «Կոմերսանտ»-ը, հիշեցնելով՝ վերջերս հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել՝ «ռազմատեխնիկական ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցությունը խորը ավանդույթներ ունի և աճի միտումներ»:

Ի դեպ, «Կոմերսանտ»-ը դիմել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել Բաքվի հետ գործարքը տապալելու մասին այս տեղեկությունները, պաշտոնական կառույցը, սակայն, չի արձագանքել: Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունն ու «Ռոսօբորոնէքսպորտ»-ը ևս խուսափել են մեկնաբանություններից:

Լուռ է նաև պաշտոնական Բաքուն. թեև ադրբեջանական մի շարք պարբերականներ առավոտից արտատպել են այս հոդվածը, սակայն պաշտոնյաները մինչ այժմ որևէ կերպ չեն արձագանքել: