Փաշինյան․ ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար

Հայաստանի պատվիրակությունը ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովում, 8-ը նոյեմբերի, 2018թ․

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չափազանց կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար, քանի որ վերաբերում է անվտանգությանը, և Հայաստանի համար կարևոր է հասկանալ, թե ինչ պարտավորություններ կան Հայաստանի և Հայաստանի դե յուրե դաշնակիցների միջև, ինչ պարտականություններ ունի Հայաստանը կազմակերպությունում և ինչ պարտականություններ ունի կազմակերպությունը Հայաստանի հանդեպ։ Սրանք հարցեր են, որ հստակեցման կարիք ունեն, «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Օրինակ, նշել է Փաշինյանը, պետք է հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ Ղարաբաղի հարցում, ինչու են Հայաստանի դե յուրե դաշնակիցները տարբեր միջազգային հարթակներում քվեարկում ոչ հոգուտ Հայաստանի․ Հայաստանը, օրինակ, նման բան չի անում։

«Իհարկե, մեզ համար ռազմատեխնիկական, ռազմավարական առումներով մեր ամենակարևոր դաշնակիցը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն մենք ուզում ենք հստակեցնել նաև միմյանց հանդեպ պարտավորությունները կազմակերպության մյուս անդամների հետ, հստակեցնել նրանց դիրքորոշումը Ղարաբաղի և տարածաշրջանային անվտանգության հարցերում», - ընդգծել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:

Հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին և մեկ անգամ ևս ընդգծել․ - «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի կամ թեկնածուի հարցը ամենակարևոր հարցը չէ, նույնիսկ շատ կարևոր հարց չէ: Կարևոր է հասկանալ այս կազմակերպության էությունը: ՀԱՊԿ-ում մեր հիմնական նպատակն է բարձրացնել այդ կազմակերպության հեղինակությունը ոչ միայն քաղաքական, այլ նաև ռազմական և ռազմավարական առումներով»:

Փաշինյանը խոսել է նաև հայաստանյան հարցերից, մասնավորապես՝ տնտեսության զարգացման իր տեսլականից։ «Մեր առաջ դրված է շատ հավակնոտ խնդիր՝ Հայաստանը գյուղատնտեսական և հումք արտահանող երկրից դարձնել արդյունաբերական և տեխնոլոգիական երկիր», - ասել է նա:

Հարցազրույցի մեծ մասը նվիրված էր Եվրասիական միությանը և Ռուսաստանի հետ հարաբերություններին: Հերթական անգամ Հայաստանի ղեկավարը ռուսական հեռուստաընկերությանը կրկնել է, որ իր թիմը շահագրգռված է զարգացնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, հետաքրքրված է ավելի արդյունավետ դարձնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում։

Հայաստանի համար կարևոր են հարաբերությունները Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, չափազանց կարևոր են հարաբերությունները անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ, շատ կարևոր են հարաբերությունները Չինաստանի և Հնդկաստանի հետ, սակայն, «իհարկե, առաջնայինը Հայաստանի համար հարաբերություններն են Ռուսաստանի հետ», հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իր կառավարության համար Եվրասիական միությունում Հայաստանի անդամակցության հիմնական նպատակներից մեկն է ապահովել մուտքը եվրասիական շուկա հայաստանցի բոլոր գործարարների համար, ինչպես նշված է այդ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում: Հայաստանը որպես այս կազմակերպության անդամ, Փաշինյանի խոսքով, հնարավորը կանի՝ խոչընդոտելու դրա համար առկա բոլոր խոչընդոտները:

Բացի այդ, Հայաստանը նաև չի պատրաստվում հրաժարվել առևտրատնտեսական հարաբերություններից Եվրոպական միության հետ արդեն գործող ձևաչափերի շրջանակներում, սակայն դա չի անելու Եվրասիական միության հետ հարաբերությունների հաշվին՝ առաջնայինը հենց Եվրասիական միությունում Հայաստանի անդամակցությունն է և այն դիվիդենտները, որ Հայաստանը կարող է ստանալ այս կազմակերպությունում, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: