Ոստիկանություն են հրավիրվել Ալավերդու «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի մասնաճյուղի տնօրենն ու «Վեոլիա ջուր»-ի տեղամասի տնօրենը

Տեսարան Ալավերդիից, արխիվ

Երեկ ոստիկանություն են հրավիրել «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Շաքարյանն ու «Վեոլիա ջուր» ընկերության Ալավերդու տեղամասի տնօրեն Արթուր Կոլոլյանը՝ «բացատրական աշխատանք կատարելու նպատակով», «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։

Նշենք, որ վերջիններս Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Լոռու մարզում առաջադրված թեկնածու, նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմ ընկերներն են։

«Մենք իրենց հետ շատ կարճատև զրույցով անց ենք կացրել բացատրական աշխատանք, և վերջիններս հեռացել են բաժնից։ Որևիցե սպառնալիք, ճնշում, կամ որևիցե անհարգալից վերաբերմունք նրանց նկատմամբ չի եղել», - «Ազատությանն» ասաց Արամ Ղազարյանը։

Երեկ Հանրապետական կուսակցության թեկնածուներ Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովն «Ազատությանն» ասել էին, որ Հայաստանի ոստիկանապետի՝ Լոռու մարզ կատարած այցից հետո իրենց համակիրներին ահաբեկում են, վախեցնում, հարկադրում հեռանալ Հայաստանից։

«Դա իրականությանը չի համապատասխանում, մենք որևէ մեկին չենք արգելում քարոզչություն իրականացնել՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի կողմնակիցն է։ Խոսքը վերաբերվում է այն հիմնարկների ղեկավարներին, որոնց հետ կապված բնակչության շրջանում կան դժգոհություններ, և մենք ահազանգեր ենք ստանում այդ մասին», - ասաց Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն՝ ընդգծելով, որ այդ ահազանգերն ընտրողներին սպառնալու և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու պարտադրանքի մասին են։

Ըստ Ղազարյանի, նշված ղեկավարների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, որպեսզի գործեն օրենքի շրջանակներում։

Տեղեկություններ կան, որ բացատրական աշխատանքների նպատակով ոստիկանություն են հրավիրվել նաև Տարոն և Արթուր Աբգարյանները, որոնց անունները կապվում են Ալավերդի քաղաքում վերջին տարիներին տեղի ունեցած սպանությունների հետ։ Նրանք նախկինում նաև ակտիվ մասնակցություն են ունեցել ընտրություններին՝ հօգուտ Հանրապետական կուսակցության։ Արթուր Աբգարյանը 2015 թվականին եղել է Ալավերդու քաղաքապետի թեկնածու։

Լոռու նախկին մարզպետ, պատգամավորության թեկնածու Արթուր Նալբանդյանը հրաժարվեց մեկնաբանել Հանրապետականի կողմնակիցներին Ոստիկանություն կանչելու տեղեկությունները։