Քոչարյանի կալանքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին:

Վերաքննիչ դատարանը գործը քննեց 5 օրում: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին: Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը, որը նախկին նախագահին կալանավորելու որոշում էր կայացրել:

Նախկին նախագահի պաշտպանները այսօր միջնորդություններ են ներկայացրել, որոնց վերաբերյալ դատարանը դիրքորոշում կհայտնի իր որոշումը հրապարակելիս։ Միջնորդություններից մեկով Քոչարյանի պաշտպանները պահանջում էին, որպեսզի Վերաքննիչ դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու արդյո՞ք առանց ապացույցների թույլատրելիությունը գնահատելու՝ կարող է քննարկվել կալանքի հարցը:

Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նախկին նախագահը չպետք է կալանավորվի, քանի դեռ չի որոշվել, որ նա անձեռնմխելի չէ, քանի դեռ չեն հաստատվել հիմնավոր կասկածները, որ նա կատարել է իրեն մեղսագրվող արարքը: Բացի այդ, ըստ պաշտպանների, պետք է քննարկվի, թե արդյոք մնալով ազատության մեջ, նա կարող է խոչընդոտել քննությանը:

Պաշտպանական թիմի՝ երեկ ներկայացրած բողոքներին հակադարձել է դատախազությունը: Թեպետ մեղադրող կողմը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին, Քոչարյանի փաստաբաններից տեղեկացանք, որ դատախազության ներկայացուցիչները պնդել են, թե չկա անձեռնմխելիությանն առնչվող խնդիր, հիմնավոր են կասկածները, որ Քոչարյանը կթաքնվի, կխոչընդոտի դատաքննությանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պնդել է, որ «Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ»։

Պաշտպանական թիմը այսօր ևս մեկ միջնորդություն է ներկայացրել, որով փորձում է գործը Վերաքննիչ դատարանից տեղափոխել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար: Հենց այս հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը) է մեղադրանք առաջադրված Ռոբերտ Քոչարյանին:

«Ազատության» դիտարկմանը, թե արդյոք դեկտմեբերի 7-ի որոշումը ենթադրում է, որ այլևս հանարվոր չէ հարցը տեղափոխել Սահմանադրական դատարան, ինչը պահանջում էր պաշտպանական թիմը, Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն արձագանքեց․ - «Ուրբաթ օրվա հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ դատարանը որոշում կայացնի դիմել Սահմանադրական դատարան և այս վարույթը կասեցնի մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը: Հնարավոր տարբերակներից մյուսն այն է, որ դատարանը գտնի՝ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն չկա, և որոշում կայացնի ըստ էության՝ կալանավորել կամ չկալանավորել»:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակներում: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։