Նոր Հաճնում, Եղվարդում, Բյուրեղավանում և Աբովյանում կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ու տեղերում առաջադրված տարածքային թեկնածուները նախընտրական հանրահավաքներ ունեցան:
Էդմոն Մարուքյանի խոսքով, քարոզարշավի 9 օրերի ընթացքում արդեն 52 համայքներում են եղել, ընդհանուր առմամբ գոհ են:
Մարուքյանը բնական է համարում այն, որ հանրահավաքներին շատ մարդ չի մասնակցում․ աշխատանքային օրը, աշխատանքային ժամին և ցուրտ եղանակի պայմաններում հազարներ չեն հավաքվի, բայց դեկտեմբերի 9-ին իրենց քվեներն ավելի շատ կլինեն․ - «Այո, գոհ ենք: Որովհետը առավոտը 11-ին անել հանդիպում ու էդքան մարդ գա, ու դու փող չտաս, որ էդ մարդիկ գան, քո գործարաններից չբերես էդ մարդկանց, էդ մարդկանց պաշտոններով չշահագրգռես․․․ Էդ մարդիկ իրանց կամքով տնից դուրս գան, գան․ սա կարծում եմ, շատ լուրջ ձեռքբերում ա: Եվ Հայաստանում չկան տասնյակ ուժեր, որոնք կարող են մարդ հանել փողոց: Մենք հանում ենք»:
«Լուսավոր Հայաստանը» հավակնում է խորհրդարանում երկրորդ ուժը լինել․ - «Քարոզարշավի առաջին օրը մենք նպատակ ենք դրել և ասել ենք, որ «Լուսավոր Հայաստանը» պիտի լինի երկրորդ քաղաքական միավորը ապագա խորհրդարանում: Եվ առաջին օրերին, երբ որ մենք դա ասում էինք, մարդիկ կային, ասում էին՝ ո՞նց կարաք դուք լինեք երկրորդ ուժը, ռեսուրսները քիչ են, հիմա խոշոր փողեր ա դրված և այլն և այլն: Բայց քարոզարշավը արդեն մեկ շաբաթից ավել իրականացնում ենք, էդ մեր թիրախը, մեր հավակնությունը ամեն օր գնալով ավելի է ռեալ ու իրական դառնում»:
Քարոզարշավի մնացած երեք օրերին, Մարուքյանի փոխանցմամբ, հիմնականում Երևանում կլինեն: Դեկտեմբերի 7-ին՝ 88-֊ի երկրաշարժի տարելիցին կայցելեն Սպիտակ, Վանաձոր և Գյումրի:
Վաղը քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարների հեռուստաբանավեճն է: Էդմոն Մարուքյանն ակնկալում է քաղաքակիրթ բանավեճ․ - «Ես ակնկալում եմ քաղաքակիրթ, գեղեցիկ բանավեճ ծրագրերի մասին․ գաղափարների մասին, Հայաստանի ապագայի մասին: Ես հոգնել եմ լսելու Հայաստանում անցյալի մասին: Ուր գնում ենք, քաղաքացիները սկսում են պատմել, թե ինչ էր եղել, մենք էլ սկսում ենք իրանց հետ պատմել: Ես կարծում եմ, այդ էջը պետք ա փակել: Բան չի մնացել, դեկտեմբերի 9-ին պետք ա փակել էդ էջը: Ես հույս ունեմ, որ վաղվա բանավեճը հենց կլինի էդ տրամադրության մեջ: Ես չէի ուզենա, որ էնտեղ էլ գնանք ղարմաղալ անենք»:
Վերջերս հաճախ է քննադատություն հնչում, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերը բավական նման են, կան կետեր և խոստումներ, որոնք կրկնվում են (օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը կամ փոքր բիզնեսը հարկերից ազատելը):
Հարցին, թե որոնք են «Լուսավոր Հայաստանի» ծրագրային առաջարկները, որ առանձնահատուկ են և տարբերվում են մյուսներից, Մարուքյանը պատասխանեց․ - «Ծրագրերը համեմատեք և տեսեք: Ո՞ր կուսակցության ծրագրում ա գրված, որ Հայաստանում աշխատանքային իրավունքները ոտնահարված են, և պետք է պաշտպանել: Որի՞ ծրագրում է գրված, որ Հայաստանը Եվրոպական միույթան հետ պետք է ունենա ռազմավարական հարաբերություններ, շրջանակային համաձայնագրից բարձր հարաբերություններ․․․ Առաջարկություն կա պետական կառավարման համակարգը վերափոխելու․ մենք հստակ դիրքավորում ունենք, ասում ենք, որ սուպերվարչապետական համակարգը պետք ա փոփոխության ենթարկվի, վարչապետի լիազորությունները․․․ ինչի դեմ մենք պայքարել ենք: Սերժ Սարգսյանի համար ընդունված օրենքները պետք է հետ փոխվեն, և պետք է լիազորությունները վերադարձվեն Ազգային ժողովին, որոշակի լիազորություններ՝ նաև Հանրապետության նախագահին: Սա ո՞ր ուժն ա ասում․․․ մենակ մենք ենք ասում»:
Մարուքյանի խոսքով, գուցե որոշ կետեր տարբեր քաղաքական ուժերի ծրագրերում կրկնվեն, սակայն այստեղ կարևոր է, թե ով է խոստում տվողն ու ծրագիր իրականացնողը․ - «Մարդիկ են տարբեր: Պատկերացրեք, ես հիմա սիգարետը դնեմ բերանս, սենց ծխեմ ուժեղ ու ասեմ՝ մենք պայքարում ենք ծխելու դեմ․․․ Մարդիկ կան խոսում են թալանից, [բայց] իրենք թալանչի են»: