Ազգային ժողովում դեռ չի մեկնարկել 14 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ կասկածվող հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը։ Ժամը 11։00-ի դրությամբ 105 պատգամավորից ընդամենը 26 պատգամավոր է գրանցվել։ Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, նիստը սկսելու համար առնվազն 53 պատգամավորի ձայն է անհրաժեշտ։
9 հոգանոց «Ելք» խմբակցությունից այսօր Ազգային ժողով է եկել 8 պատգամավոր։ Եթե մինչև ժամը 14։00-ը համապատասխան թվով պատգամավորներ չներկայանան, նիստը չի կայանա։
«Սա որևէ մի կերպ սաբոտաժի հետ կապ չունի»
Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀԿ-ականների չգալը սաբոտաժ չի համարում։
«Հավատացնում եմ ձեզ, սա որևէ մի կերպ սաբոտաժի հետ կապ չունի։ Սա ուղղակի պայմանավորված է նախընտրական պայքարի ներկա փուլով», - ասաց Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ եթե նիստը չկայանա, գործի իրավական ընթացքը չի ձախողվի։
«Դիտավորյալ են անում, չեն գալիս իրենց ընկերոջն, այսպես ասած, հանձնեն»
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, սակայն, այստեղ դիտավորություն է տեսնում։
«Իհարկե, դիտավորյալ են անում, չեն գալիս իրենց ընկերոջն, այսպես ասած, հանձնեն։ 14 միլիոն դոլարը ես չեմ կարծում, որ եթե ապացուցվի, էդ 14 միլիոն դոլարը միայն իր մոտ է մնացել։ Ես վստահ եմ, որ էդ 14 միլիոն դոլարը տարբեր տեղ է տանելու, դա իմ կարծիքն է», - ասաց Սիմոնյանը՝ հավելելով. - «Գումարն ահռելի է և ես վստահ չեմ, որ դա մի գրպան է գնացել»։
Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրեց, որ 2015-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008-ին զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 միլիոն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Ըստ դատախազության, միաժամանակ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը, ըստ դատախազության, բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ելնելով վերոգրյալից, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողովին՝ ի դեմս ԱԺ նախագահի, տալու համաձայնություն պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: