«Սասնա ծռեր»-ն ամուր երկրորդ դիրքն ունի». Վարուժան Ավետիսյան

Դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Սասնա ծռեր» կուսակցությունն ամուր երկրորդ դիրքն ունի, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։

Ավետիսյանը նշեց՝ դա հասկացել են ժողովրդի հետ շփվելուց, արձագանքից, ժողովրդի համակրանքից։

«Ազատություն». - «Իմ քայլը» դաշինքից բացի ընտրություններին մասնակցող համարյա բոլոր ուժերը պնդում են, որ երկրորդ տեղում իրենք են, որ այդտեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Ավարտվող քարոզարշավը ձեզ ի՞նչ է ցույց տալիս, ձեր կողմից էլ են նման տեսակետներ հնչում։

Վարուժան Ավետիսյան. - Մենք էլ ենք ասում, որ մենք ամուր երկրորդ դիրքն ունենք, բայց թե դա որքան է լինելու, շատ գործոններից է կախված, մյուսների քվեները նույնպես բազմաթիվ գործոններից են կախված։ Իրավիճակը ստանդարտ չէ նախկինների համեմատությամբ, այնպես որ՝ սպասենք ժողովրդի քվեին։

«Ազատություն». - Այդ դեպքում ինչպե՞ս եք ասում, ասել ուղղակի ասելու համար՝ որ «մենք ենք երկրորդը»։

Ավետիսյան. - Ոչ, ժողովրդի մեջ մտնելուց, շփվելուց, արձագանքից, համակրանքից։ Շատ մարդիկ են մոտենում, տոկոսային հարաբերակցությամբ բավականին զգալի է ակնհայտ աջակցություն հայտնողների թիվը, բայց հաշվել, կոնկրետ տոկոսներ ասել չեմ ուզում։

«Ազատություն». - Իսկ անցողիկ շեմի հարցը լուծե՞լ եք։

Ավետիսյան. - Այո։

«Ազատություն». - Պարոն Ավետիսյան, Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք բաժանելու, ինչպես ձեր ցուցակի երկրորդ համար Ստեփան Գրիգորյանն էր ասել, գործընթաց սկսելու մասին այս հայտարարությանն իրավապահներն ընթացք են տվել և փոխանցել ոստիկանությանը։ Ձեզ որտեղի՞ց այդպիսի տեղեկություն։

Ավետիսյան. - Մարդիկ մոտենում էին, ահազանգում, ասում, որ իրենք նման տեղեկություններ ունեն: Մի կին, օրինակ, մոտեցավ ու ասեց, որ ինքը նույնիսկ տեսել է, որ բաժանում են, երբ հարցրեցինք՝ «տեսանկարահանելու հնարավորություն ունեի՞ր», ասաց՝ «այո, ունեի, բայց վախեցա, որովհետև ինձ այդ մարդիկ ճանաչում էին», և այլևս մանրամասներ չասաց, թե ովքեր էին, ինչ էր, ինչպես, որտեղ։

«Ազատություն». - Ասա՞ց` որ ուժն է և ինչքան փող էր։

Ավետիսյան. - Ասել է, բայց քանի որ ապացույցներ չկան և ինքը հստակություն չմտցրեց, չասեց կոնկրետ որևէ ինֆորմացիա և ինքն էլ չներկայացավ, ես ինձ իրավունք չեմ վերապահում հայտարարելու։

«Ազատություն». - Իսկ իրավապահներին կասե՞ք, հիմա քննություն է լինելու։

Ավետիսյան. - Եթե գործը հասնի դրան, բնականաբար, կասենք, որ այդ կինն ինչ է ասել, բայց պետք է այդ կնոջը գտնեն, որովհետև մենք չենք տեսել։

«Ազատություն». - Այդ մե՞կ դեպքն է, պարոն Ավետիսյան։

Ավետիսյան. - Եվ Շիրակի մարզի հետ կապված նորից նույնպիսի տվյալներ էին ասում, բայց այնտեղ արդեն ավելի մակերեսային էր, այսինքն՝ որ իրենք տեսել են, որ փող են բաժանում, և այլն, և այլն։

«Ազատություն». - Իսկ լավատե՞ս եք, որ ոստիկանությունը կանխելու է Երևանի ավագանու ընտրությունների օրինակով։

Ավետիսյան. - Հույս ունենանք։

«Ազատություն». - Պարոն Ավետիսյան, որքան էլ որ հնչեցին պարզաբանումներ, այդուհանդերձ, հստակեցրեք, թե ինչո՞ւ պետք է այս խորհրդարանն առնվազն երկու տարվա կյանք ունենա, եթե դուք, համենայն դեպս այս փուլում, կասկածի տակ չեք դնում դրա լեգիտիմությունը։

Ավետիսյան. - Մենք ասում ենք և դա այդպես է, որ քվեարկությունը կլինի ազնիվ, թեպետ կան այսպիսի տեղեկություններ, բայց ընդհանուր առմամբ պատկերացնում ենք, որ քվեարկությունը կլինի ազնիվ, այդ առումով, բնականաբար, կլինի լեգիտիմ։ Միևնույն ժամանակ, ընտրություններն ընդհանուր առմամբ, որպես գործընթաց, չեն կարող համարվել արդար շատ պարզ պատճառներով, նախ՝ գործող Սահմանադրությունը, որ Սերժ Սարգսյանի հագով էր կարած և այդ սուպերվարչապետական համակարգն է ձևավորում, կրիմինալ բաղադրիչն առաջ մղելու, ապաքաղաքական ընտրություններ կատարելու լուրջ հնարավորություն ստեղծող ռեյտինգային այսպես կոչված ընտրակարգը, հանցավոր ռեժիմի մաս կազմած կուսակցությունների մասնակցությունը և շատ ակտիվ մասնակցությունը՝ լուրջ ռեսուրս ունեն։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․