Հայաստանը երբեք չի մոռանա բրիտանական աջակցությունը երկրաշարժի օրերին. Արմեն Սարգսյան

Հայաստանը երբեք չի մոռանա բրիտանական աջակցությունը երկրաշարժի օրերին, երեկ ասել է Հայաստնաի նախագահ Արմեն Սարգսյանը՝ հյուրընկալելով բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին:

Վերջինս առաջին անգամ Հայաստան էր այցելել շուրջ երեսուն տարի առաջ՝ որպես հրշեջ-փրկարար մասնակցելով 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու որոնողական աշխատանքներին:

Անդրադառնալով Միացյալ Թագավորության կառավարության ու ժողովրդի կողմից երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերված օգնությանը՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ողբերգական աղետը լայն արձագանք էր ստացել Մեծ Բրիտանիայում:

«Մեծ Բրիտանիան մեծ աջակցություն ցուցաբերեց և ուղարկեց փրկարարներ, հրշեջների խմբեր, շտապ օգնության մեքենաներ: Այնտեղ ստեղծված կազմակերպության` Aid Armenia-ի հանգանակած գումարներով կառուցվեցին դպրոց, որը կոչվեց լորդ Բայրոնի անունով, ինչպես նաև հիվանդանոց։ Ավելի ուշ տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի պատմական այցը Հայաստան։ Սրանք քայլեր են, որոնք Հայաստանը երբեք չի մոռանա», - ասել է Արմեն Սարգսյանը։

Փոլ Բըրնսը հիշել է իր փրկարար գործընկերների հետ երկրաշարժին հաջորդած օրերին կատարած աշխատանքն ու պատմել տպավորություններն այդ դժվարին օրերից:

Հանրապետության նախագահն, ի դեմս Փոլ Բըրնսի, ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել բրիտանական հանրությանն ու ողջ ժողովրդին:

«Ես բազմիցս հանդիպել եմ տիկին Թետչերին, երբ նա թողել էր պետական ծառայությունն ու զբաղվում էր իր հիմնադրամի գործերով։ Եվ ամեն անգամ, երբ խոսում էինք այս կամ այն բանի մասին, չկար մի օր կամ քննարկում, որտեղ չհիշեինք նրա այցը Հայաստան։ Միակ բանը, որի համար ափսոսում էինք, այն էր որ նա Հայաստանում եղավ միայն երկրաշարժից ավերված շրջաններում», - ասել է նախագահ Սարգսյանը։

Շնորհակալական խոսք ուղղելով Փոլ Բըրնսին՝ հանրապետության նախագահն ասել է - «Այն, ինչ դուք արել եք Հայաստանի համար այն դժվարին օրերին, երբեք չի մոռացվի»։

Նախագահ Սարգսյանը Փոլ Բըրնսին է նվիրել հայկական հուշադրամ` հայկական գորգագործության թեմայով:

«Սա նաև կլինի հիշեցում, որ հայկական հիանալի մշակույթն անմահ է՝ անկախ մեր ապրած բոլոր՝ մարդածին կամ բնածին ողբերգություններից, ինչպիսիք էին Ցեղասպանությունն ու երկրաշարժը», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:

Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Ուղղակի նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։ Եվ մինչ օրս կան բազում չլուծված հարցեր․ աղետի գոտին դեռ ամբողջովին չի վերականգվել, հազարավոր մարդիկ դեռ տնակներում են ապրում: