Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը, առարկություններով հանդես եկավ մեղադրական կողմը։
Վերաքննիչ դատարանը շարունակում է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Ըստ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ մեղադրական կողմից մոտ 40 րոպե հանդես է եկել գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանը։
«Գլխավոր դատախազի ասածի տրամաբանությունը, եթե փորձեմ կարճ ներկայացնել, ինքը գտնում է, որ անձեռնմխելիությունը անհամատեղելի է օրենքի խախտման հետ, այսինքն, եթե որևէ մեկին վերագրում է օրենքի խախտում, տվյալ դեպքում Հանրապետության նախագահին, և եթե այդ օրենքի խախտումը իր լիազորությունների մեջ չի մտնում, ինքն անձեռնմխելի չէ», - ասաց Ալումյանը։
Քոչարյանի պաշտպաններն իրենց բողոքներից մեկով պնդում են, որ նախկին նախագահը չպետք է կալանավորվի քանի դեռ չի որոշվել, որ նա անձեռնմխելի չէ, քանի դեռ չեն հաստատվել հիմնավոր կասկածները, որ նա կատարել է իրեն մեղսագրվող արարքը: Բացի այդ, ըստ պաշտպանների, պետք է քննարկվի՝ արդյոք մնալով ազատության մեջ նա կարող է խոչընդոտել քննությանը:
Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանից տեղեկացանք, որ պաշտպանական բողոքն առարկելիս դատախազության ներկայացուցիչները պնդել են, որ չկա անձեռնմխելիությանն առնչվող խնդիր, կասկածները հիմնավոր են, որ Քոչարյանը կթաքնվի, կխոչընդոտի դատաքննությանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պնդել է, որ « Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ»։
Հակադրվելով գլխավոր դատախազի պնդմանը՝ Օրբելյանն ասաց, որ իրենց կարծիքով ոչ մի մեղադրանք հիմնավորված չէ:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ ակնարկեց, որ Սահմանադրական դատարան դիմելու համար որոշակի տեխնիկական խնդիրներ կան, սակայն ընդգծեց՝ բոլոր հնարավոր իրավական գործիքները օգտագործելու են:
Նշենք, որ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ևս մի բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որում նոր հիմքեր են ներկայացված՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցը: Դատարանը այս բողոքը թողել է առանց քննության։
Բողոքը ներկայացնելիս Քոչարյանը ևս ելույթ է ունեցել։ Ըստ պաշտպանի, Քոչարյանը նկարագրել է իրավիճակը:
«Նկարագրվեց, թե ինչ էր կատարվում, ինչ մտահոգություններ կային, ինչ պայմաններում և ինչ ելակետային տվյալների հիման վրա է արտակարգ դրություն մտցվել», - մանրամասնեց Հայկ Ալումյանը՝ շարունակելով. - «Տեսանյութ կա, որը մենք ներկայացրել ենք Վճռաբեկ դատարանում, որ ցուցարարների կողմից կա մեկը, ով կրակում է ոստիկանական ուժերի ուղղությամբ, և մի քանի նյութեր որոնք նախաքննական գաղտնիք են համարվում»։
Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:
Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։