Վրաստանում ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ընդդիմության հանրահավաքը Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում: 2-ը դեկտեմբերի, 2018թ․

Վրաստանում նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ընդդիմությունը իշխանություններին երկու շաբաթ ժամանակ է տալիս՝ լուծելու համար ներքաղաքական ճգնաժամը՝ բացառապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով:

Այս մասին երեկ հայտարարել է նախագահի արդեն նախկին թեկնածու, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում բազմամարդ բողոքի ցույցի ժամանակ:

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով երկրի հինգերորդ նախագահ է ընտրվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին։ Նախագահական ընտրություններում պարտված ընդդիմության գնահատմամբ՝ քվեարկությունն անցել է ընտրակեղծիքներով, ընտրախախտումներով և կաշառքի համատարած բաժանումով, ինչի շնորհիվ իշխանությանը հաջողվել է նախագահ դարձնել ցածր վարկանիշ ունեցող թեկնածուին:

«Մենք նախագահ չունենք, նախագահ ունեն «Գողական երազանքն» ու Բիձինա Իվանիշվիլին: Մեր իրավաբանները հայց են պատրաստում, որը կներկայացնենք դատարան և կպահանջենք չեղարկել նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչպես նաև պետք է հետաքննություն անցկացվի. իշխանություններին առաջարկում ենք աշխատանքային խումբ ստեղծել», - երեկ հայտարարել է Վաշաձեն՝ որպես վերջնակաժամկետ սահմանելով դեկտեմբերի 16-ը․ այդ օրը Թբիլիսիում կայանալու է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը:

Ընդդիմության հետագա քայլերը կախված կլինեն կառավարության պատասխանից: Երեկվա բողոքի ցույցը նույնպես չանցավ առանց Ազգային միացյալ շարժման անփոփոխ առաջնորդի․ Միխեիլ Սաակաշվիլին, ով ընդամենը մի քանի օր առաջ քաղաքացիական անհնազանդության կոչ էր անում, փոքր-ինչ մեղմել է դիրքորոշումը: Մեծ էկրանից դիմելով հավաքվածներին՝ արտերկրում գտնվող նախկին նախագահը կրկին խոստացել է իսկույն ևեթ հայտնվել, եթե իրեն կանչեն․ - «Մենք այլևս ոչինչ չենք հանդուրժի: Այսօր մենք ցույց տվեցինք, որ խաղաղ և արդարացիորեն կպայքարենք: Չենք նահանջելու, պայքարը ավարտվելու է հաղթանակով և օլիգարխի իշխանության փոփոխությամբ»:

Իշխանական ճամբարում, մինչդեռ, անլուրջ են որակում ընդդիմադիրների պահանջները, մասնավորապես, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Երեկ իշխող ուժի ղեկավար անդամ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, թե նախագահական ընտրությունների արդյունքները չեն չեղարկվի, գործող խորհրդարանը չի լուծարվի: «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ Գիա Վոլսկին հայտարարել է, որ իշխանությունների հակառակորդների հետ երկխոսություն հնարավոր չէ, քանի որ նրանք պատրաստ չեն կառուցողական զրույցի․ - «Իսկ հայտարարված թեմաների մասին խոսելու ցանկություն երկրի ղեկավարությունը չունի»:

Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը հեռակա բանավեճ են ծավալում նախագահական ընտրությունների արդյունքների և ներքաղաքական ճգնաժամի շուրջ, նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստվում է հանդիպել հեռացող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ վարչակազմի փոխանցման հարցերը քննարկելու համար:

Երկրի առաջին կին նախագահի՝ 66-ամյա Զուրաբիշվիլիի նախագությունը, սակայն, ինչպես վերլուծաբաններն են նկատում, հեշտ չի անցնի. չափից ավելի խորն են վրացական հանրության մեջ հակասությունները: Զուրաբիշվիլին ընտրություններից անմիջապես հետո հայտարարել է, թե իր առաջին գործը լինելու է հանրությանը հանգստացնելը և հակառակորդների հետ երկխոսություն սկսելը: