Ժիրայր Սեֆիլյանը հավաստիացնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք չի լինելու զինված ապստամբություն

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական երթուղին այսօր Երևանի վարչական շրջաններով էր։

Պատգամավորության թեկնածուների մի խումբը Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ Կենտրոնի փողոցներում հորդորեց քաղաքացիներին ընտրել «Սասնա ծռեր»-ին: Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը:

Սեֆիլյանը վերջին չորս տարում քաղաքացիություն չունենալու պատճառով ընդգրկված չէ ընտրական ցուցակում, փոխարենը նախընտրական քարոզչությանը ակտիվ մասնակցում է: Կասկած չունի՝ «Սասնա ծռերը» խորհրդարանում ներկայացված են լինելու:

«Մենք հստակ տեսնում ենք, որ այդ ներուժը ունենք։ Թե ինչ չափի կլինի մեր ներկայությունը, դա կորոշի ժողովուրդը», - ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Ազգային ժողովում հայտնվելու դեպքում անգամ «Սասնա ծռերը» պնդելու է, որ ձևավորվելիք խորհրդրանը երկու տարի անց լուծարվի և արտահերթ ընտրություններ անցկացվեն: Այս հայտարարությանն օրեր առաջ արդեն իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքել էր:

Սեֆիլյանը կրկին պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն. - «Մենք պատկերացնում էինք՝ պետք է տեղի ունենար իշխանափոխությունից հետո, այսինքն Սերժի տապալումից հետո ճիշտ պիտի լիներ հաջորդ ամիսներին այդ արմատական փոփոխությունները տեղի ունենային և նոր ընտրությունները։ Լյուստրացիա գործակալական, տնտեսական, նոր Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք, նոր Սահմանադրություն և ապա նոր ընտրություններ։ Հիմա, քանի որ այս յոթ ամիսների ընթացքում այս բոլորը տեղի չունեցավ, մենք այդ ծրագրով մտնում ենք Ազգային ժողով։ Սա մեր ծրագիրն է ուստի էստեղ զարմանալի բան չկա, պարոն Փաշինյանը կարող է մեր ունեցած ծրագրերից մի քանի կետերի հետ համաձայն լինել, մի քանիսի հետ համաձայն չլինել։ Ոչ մի խնդիր չկա, առավել ևս ավելորդ սրել պետք չէ։ Հատուկ միտում կա ինչ-որ շրջանակների կողմից սեպ խրելու մեր և Նիկոլ Փաշինյանենց միջև, մենք թույլ չենք տալու դա։ Գնում ենք դեպի նոր Սահմանադրության ծնման, ապա տրամաբանությունը ասում է, որ նոր Սահմանադրությունից հետո պետք է լինի նոր ընտրություններ»։

Ժիրայր Սեֆիլյանը հավաստիացնում է, որ արտահերթ ընտրությունների պահանջը իշխանությանը ներկայացնելու են բանակցային սեղանի շուրջ: Իսկ ընտրություններին մասնակցելու իրենց որոշման դեմ ընդդիմացողներին հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք չի լինելու զինված ապստամբություն․ - «Քանի դեռ մեր երկրում գոյություն չունի բռնատիրական կարգեր, բնականաբար, այդ էջը փակված է։ Նիկոլի օրոք բացառվում է էդպիսի բան»։

«Սասնա ծռերը» նախընտրական ծրագրում չեն շրջանցել ապստամբության իրավունքի օրինականացման հարցը: 2016-ին Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը զինված գրաված «Սասնա ծռերը» ընտրվելու դեպքում խոստանում են հրապարակավ ճանաչել ապստամբության բնական իրավունքը, իսկ ապստամբներին անպարտ ճանաչել օրենքի առաջ: «Սասնա ծռեր»-ի նախընտրական ծրագրի առանցքում պետության անվտանգությունն ու պաշտպանությունն են:

«Որ տեղի չունեցավ փոփոխություն Ընտրական օրենսգրքի, հակառակ նրան, որ երկար ամիսներ Փաշինյանենց ուժը փորձում էր այդ փոփոխությունը կատարել, այս խայտառակ ռեյտինգային համակարգի պահպանումև և այլն և այլն։ Անշուշտ, այս ամբողջը ինչ-որ չափով արդար ընտրությունների վրա ազդելու է, այսինքն մենք չենք կարողանալու ասել, որ վերջապես ամբողջությամբ արդար ընտրություններ տեղի ունեցան, բայց ազատ և թափանցիկը՝ ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի», - ասաց Սեֆիլյանը։