Հոբելյանական համերգ՝ նվիրված Բարսեղ Թումանյանի ծննդյան 60-ամյակին

Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդվարդ Թոփչյանի և Մելիք Մավիսակալյանի ղեկավարությամբ, հանդես կգա անվանի օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը:

Հոբելյանական համերգային ծրագիրը յուրահատուկ է՝ կհնչեն Գերշվինի, Լլոյդ Վեբերի և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:

«Հաճելի երաժշտություն է, ես կարծում եմ, որ ունկնդիրը հաճույքով պետք է լսի: Բարսեղ Թումանյանին ես վաղուց եմ ճանաչում: Հրաշալի, միջազգային մակարդակի երգիչ, հրաշալի կատարող: Ես հպարտ եմ, որ նման կատարող ունենք մենք, որ աշխարհի ամենատարբեր երկրներում հաջողությամբ ելույթ է ունենում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մելիք Մավիսակալյանը:

Համերգից առաջ հրավիրված ասուլիսին Բարսեղ Թումանյանը շեշտում էր, որ չի ցանկանում հոբելյանական երանգ տալ այսօրվա համերգին: Եվ առհասարակ, այս կամ այն հոբելյանը, նրա համոզմամբ, «արվեստի մարդու համար բոլորովին կարևոր բան չէ»․ - «Ամեն համերգ, անկախ նրանից 60 է, 15 է․․․ ի՞նչ կապ ունի, համերգ է: Ի՞նչ պետք է տոնեմ․․․ որ վաթսուն տարվա ճանապա՞րհ եմ անցել․․․ Դա իմ ներքին խնդիրն է: Ամեն դեպքում սա կարևոր ելույթ է, որի համար որոշեցի այնպիսի ծրագիր վերցնել, որ շատ դասական չլինի, և ժողովրդին մի քիչ հաճելի լինի հանգստանալ»:

Բարսեղ Թումանյանը Երևանի կոնսերվատորիայում ուսանելուց հետո վերապատրաստվել է Միլանի հանրահայտ Լա Սկալայում և Մոսկվայի կոնսերվատորիայում, իր ստեղծագործական գործունեության 4 տասնյակ տարիների ընթացքում հանդես եկել աշխարհի լավագույն բեմերում, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ՀՀ ժողովրդական արտիստ:

Պատասխանելով «Ազատության» հարցին, Թումանյանն ասաց, որ միշտ երգել է՝ սկսած վաղ մանկությունից, բայց օպերային երգիչ դառնալու մտադրություն չի ունեցել: Ավելին՝ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ էլ ուսանողության տարիներին երգել է ինստիտուտի ջազ և ռոք խմբերում:

«Որոշեցի ճարտարապետ դառնալ: Ես շատ եմ սիրում նկարել, շատ եմ սիրում ճարտարապետությունը․․․ մի խոսքով, դա իմ երազանքն էր: Հետո այնտեղ տեսա, որ սովետական ճարտարապետություն է, ոչ մի բան չեմ կարող անել: Ռոք խմբում էի երգում․․․ Հետո մտածեցի, դե լավ միգուցե գնամ կոնսերվատորիա», - նշեց նա՝ շարունակելով․ - «Օպերային բեմում առաջին դերերգս «Դավիթ բեկ» օպերայում խանի դերն է եղել: 1980 թվականից ես արդեն հրամանով մեր օպերային թատրոնում աշխատում էի»:

Թումանյանն այնուհետև աշխատանքին զուգահեռ սկսել է մասնակցել տարբեր մրցույթների․ - «Սա աշխատանք չի, որ կարող ես հոգնել: Սա քո կյանքն է, քո ընտրած կյանքն է: Աշխատանքը իմ համար նա է, երբ որ դու ստիպված ես մի բան անում»:

Խոսելով Երևանի օպերային թատրոնի մասին՝ նա ասաց․ - «Վատ վիճակում չի․․․ Երբ որ [թատրոնի] ժողովուրդը բողոքում է, ավելի լավին է ձգտում, դա ողջունելի է: Բայց ոչ միշտ է, որ բողոքները արդարացված են լինում: Ամեն դեպքում էս երեսուն տարվա մեջ մենք շատ վատ ժամանակներ ունեցանք, օպերային թատրոնը շատ պասիվ էր: Ամեն ինչ իրար հետ կապված բաներ են՝ ընդհանուր սոցիալական վիճակը, զարթոնք չկար․․․ Խնդիրը նրանում է, որ կա երկու շատ կարևոր հանգամանք․ ի՞նչ է իրենից ներկայացնում օպերային թատրոնը․ դա բարեկրթություն է: Եվրոպային թատրոնի միջոցով կրթում էին հասարակությունը: Եթե մենք վերցրեցին, որ դա կրթական մեխանիզմն է, ֆոնդն է, որով դու պետք է կրթես քո հասարակությունը: Եվ երկրորդը, ի՞նչ ունենք օպերային թատրոնում, ովքե՞ր են մեր երգիչները, ինչպիսի՞ բեմադրություններ պետք է անել․ ազգայինը՝ մեկ, համար առաջին: Երկրորդը արդեն՝ համաձայն երգիչների ուժերի․․․ որ երբեմն պարտադիր է դրսից հրավիրել արտիստներ: Պետություն պետք է իմանա, թե ինչ է զարգացնում, ինչպես է վերաբերվում օպերային թատրոնին, մնացած թատրոններին: Ուն՞ի արդյոք այդ զարգացման ծրագիրը: Իմ կարծիքով, մեր պետությունը զարգացման ծրագիր դեռ չունի»: