Ղարաբաղյան խնդիր. բանավեճ «Ազատության» հեռուստաեթերում

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, «Մենք» դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանը հորդորեց քաղաքական բոլոր ուժերին ղարաբաղյան խնդիրը «մանրադրամ չդարձնել» ու «անընդհատ չշահարկել»։

«Կխնդրեի և կհորդորեի բոլոր քաղաքական ուժերին՝ պայմանավորվենք, որ Ղարաբաղի խնդիրը դա այն խնդիրը չէ, որ դարձնեն մանրադրամ և անընդհատ շահարկեն։ Առհասարակ, նույնիսկ «Մենք » դաշինքը, ես պատասխանատու հայտարարում եմ, պատրաստ ենք մեր վրա վերցնենք, որովհետև ցանկացած ընտրարշավի ժամանակ կան խնդիրներ, որոնք կարելի է խոսել և կան խնդիրներ, որոնք ուղիղ անվտանգությանն են վերաբերվում», - «Ազատության» «Ազատության բանավեճ» հաղորդման ժամանակ ասաց Քոքոբելյանը։

Ըստ «Մենք» դաշինքի անդամի, Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան։

«Իսկ ինչպե՞ս ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումը, շատ հստակ ասում ենք՝ առաջինն, այո՛, Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթացին, երկրորդն՝ ասում ենք, որ դա պետք է լինի Մինսկի խմբում, դա միակ հարթակն է, որ այս պահին հնարավոր է ռացիոնալ և օբյեկտիվ աշխատանք կատարել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, անշուշտ, բանակցային ամբողջ առարկան պետք է քննարկվի փաթեթային և սիմետրիկ ճանապարհով։ Այսինքն՝ այլ ճանապարհ մեզ համար ընդունելի չէ։ Ինչ վերաբերում է շատ խոսացող փոխզիջումների մասով, ասեմ, այո՛, փոխզիջումային պետք է լինի, բայց փոխզիջումը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը։ Այսինքն՝ միջազգային որպեսզ սուբյեկտ Արցախի ճանաչումը, գումարած պետք է լինեն միջազգային անվտանգության երաշխավորներ։ Իհարկե այսօր այդ խնդիրն ամենաբարդ խնդիրն է, բայց կան այդ մեխանիզմները և այդ մեխանիզմներվ պետք է առաջ գնանք, որպեսզի այդ կոնֆլիկտի հետևանքները վերացվեն։ Դա միջազգային խնդիր է և դա միակ լուծումն է, մնացածն ուղղակի չի բխում մեր շահերից», - ասաց Քոքոբելյանը։

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի երկրորդ համար Արարատ Միրզոյանը ևս ընդգծեց՝ Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով։

«Ես ուզում եմ շատ հստակ և երևի հակիրճ նշեմ մի քանի սկզբունքներ. Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ մեր քաղաքական թիմի համար սրբազան իրավունք է արցախցիների կամարտահայտման իրավունքը՝ սկսած բանակցային գործընթացից, վերջացրած որևէ լուծման հավանություն տալով, սրբազան իրավունք է արցախցիների, ինչպես և աշխարհի բոլոր ժողովուրդների, ինքնորոշման իրավունքը։ Մենք ևս կարծում ենք, որ բացառապես պետք է լինի խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի, բայց ոչ թե Մինսկի խմբի շրջանակներում, պարոն Քոքոբելյան, որովհետև այդտեղ բազմաթիվ երկրներ կան, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, և ցանկացած լուծում, ինչպիսին էլ որ լինի, հազար տարբերակ կարող են մեզ առաջարկել մեր միջազգային գործընկերները, ցանկացած լուծում կարող է իրականություն դառնալ միայն հայ ժողովրդի հավանությունը ստանալուց հետո։ Չկա, չպետք է լինի և չէր էլ կարող նախկինում լինել որևէ քաղաքական խումբ, որը միայն ինքն իր պատկերացումով կարող էր գնալ արցախյան հիմնախնդրի լուծման։ Իսկ մինչ այդ մենք պետք է ապավինենք և ամեն կերպ զորակցենք, զորավիգ լինենք սահմանները պաշտպանող մեր զինվորներին», - ասաց Միրզոյանը։

Քաղաքագետ, «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի երկրորդ համար Ստեփան Գրիգորյանն էլ նշեց՝ «Սասնա ծռերն»-ն առաջարկում է Արցախի և Հայաստանի միավորում։

«Մենք պետք է հասկանանք, որ 2012 թվականից ոչ մի բանակցություններ չկան, պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ռեալ հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից։ Պետք է շատ զգույշ լինենք նոր իրավիճակում, որ այդ ինքնորոշման ճանապարհը, որի մասին պարոն Միրզոյան, Դուք ճիշտ ասացիք, դժբախտաբար, ես կասեի հիմա ծանր վիճակում է, քանի որ ինքնորոշման ճանապարհը բերեց Մադրիդյան սկզբունքներին, որոնք իդեալական չեն, կարող ենք չհամաձայնվել, համաձայնվել, բայց Ադրբեջանը մերժում է, մերժում է ամեն ինչ, Ադրբեջանի քաղաքականությունը կոշտ դարձավ, իրենք հավակնում են նույնիսկ Երևանի վրա, էդ իմաստով, մենք պետք է հասկանանք՝ ոչ կա բանակցային պրոցես, ոչ էլ կա Մադրիդյան սկզբունքներ, ու այս պայմաններում «Սասնա ծռեր» կուսակցությունն առաջարկում է առաջինը՝ միավորում Արցախի և Հայաստանի, բայց ոչ թե այսօր, այլ դեպի այդ միավորում, միացում, որը սկզբում էր՝ 1988 թվին, դեպի էդ ուղղությամբ գնանք, քայլեր մտածենք էդ կոնտեքստով։ Դա չի նշանակում տակտիկական իմաստով, որ մեծ հակասություն է, բայց վերջին հանգրվանը պետք է անպայման լինի միացում, քանի որ չկան խաղի կանոններ. Ադրբեջանը հրաժարվում է՝ կոշտ քաղաքականություն է տանում, և մյուս բաղադրիչն էլ ավելի կարևոր է՝ նայեք, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Թուրքիան փոխում են խաղի կանոնները՝ հրաժարվում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղի կանոններից նաև տարածքային ամբողջականությունից, մենք վերադառնում ենք 20-րդ դարի սկզբներին», - ասաց Գրիգորյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ