Ձմռան առաջին երկու օրերին՝ դեկտեմբերի 1-ին և 2-ին, Հայ բարեգործական ընդհանուր միության շենքի առաջին հարկում Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է Գրքի երևանյան երկրորդ փառատոնը, որին այս տարի մասնակցում են երեք տասնյակից ավելի հրատարակչություններ՝ ներկայացնելով իրենց տպագրած ամենատարբեր ոլորտների գրականությունը: Հրաշալի հնարավորություն է՝ ամրապնդելու գրող-հրատարակիչ-ընթերցող կապը:
Այս երկու օրերին ներկայացված գրականությունը վաճառվում է 30 տոկոս զեղչով: Փառատոնի շրջանակում ոչ միայն գրքերի ցուցահանդես-վաճառք է տեղի ունենում, այլև, ինչպես նախորդ տարի, գրական մրցույթ է հայտարարված՝ հաղթողները դրամական պարգևներ կստանան։ Այս օրերին նաև փառատոնի շրջանակում տեղի կունենան գրքերի շնորհանդեսներ, ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընթերցանություն, նաև ջազ և ռոք համերգներ՝ հայտնի խմբերի մասնակցությամբ:
«Երկրորդ տարին է ինչ անցկացվում է Գրքի երևանյան փառատոնը, և պիտի ասեմ, որ է՛լ ավելի լավ է անցկացվում, քան նախորդ տարի, որովհետև այն տեխնիկական անհարթությունները, որ կային 17 թվականին, այս տարի արդեն շտկվել են։ Ունենք ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում է 34 հրատարակչություն։ Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվելու են արդյունքները գրական մրցույթի, որը երկու անվանակարգով հայտարարվել էր՝ արձակ և պոեզիա։ Եվ ունենալու ենք ամեն անվանակարգում երեք հաղթող, որոնք ստանալու են դրամական պարգև։ Ինչ ուզում են կարող են անել՝ գումարը միանգամից տրվում է գրողներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ, Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը։
«Գրքի հետ կապված ամեն ինչը կոնկրետ գրողների համար և ինձ համար կյանքից հաղորդվող նոր լիցքեր են։ Քո պիտանելիությունը հուշող, քո անհրաժեշտությունը հուշող բաներ են, որոնք ոգևորիչ են։ Լրացուցիչ առիթ է, որ մենք՝ գրողներս, շփվենք իրար հետ և հասկանանք՝ ով է ստեղծագործական վիճակում, ով ծերացավ արդեն, ով է լավ գրում, արդյունավետ աշխատում, և այլն։ Շատ անհրաժեշտ միջոցառում է», - նշեց գրող, արձակագիր Սուսաննա Հարությունյանը։
Մշակույթի նախարարի խորհրդական, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը «Ազատությանը» փոխանցեց. - «Երկու գիրք ունենք այստեղ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամով տպագրած` մեկը՝ Հրանտ Մաթևոսյանի անտիպների երկհատորյակը, և մյուսը, որ հենց նոր է տպարանից դուրս եկել, «Կարոտ առ Հայաստան» գիրքն է Յուրի Կարաբշիևսկու, որը 1976-ին Հայաստանում լինելով պատկերել է էն ժամանակվա Հայաստանը՝ մտավոր, գիտական, մշակութային և առօրյա»։
Ուշագրավ է, որ Հայաստանի հրատարակչական դաշտի խոշոր ներկայացուցիչներից մեկը՝ «Անտարես» հրատարակչությունը, ինչ-ինչ պատճառներով այս տարի չի մասնակցում գրքի երևանյան փառատոնին:
Դե իսկ մյուս հրատարակիչների համոզմամբ էլ՝ գրքի նման փառատոները խթան են իրենց գրահրատարակչական գործունեության առավել աշխուժացման համար:
Գրողների միության հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտյանը ասաց․ - «Փառատոները, ցուցահանդես-վաճառքները միշտ էլ նպաստում են գրավաճառության խնդրին, գրքերի հանրահռչակմանը։ Անհրաժեշտ է, որ էս միջոցառումները կազմակերպվեն, որովհետև գիրքը պետք է մոտենա ընթերցողին, պետք է որպես ապրանք տեսնվի։ Հիմա ես որպես բանաստեղծ չեմ խոսում՝ որպես հրատարակիչ եմ խոսում, բայց քանի որ մեր գրախանութային այդ ամբողջ ցանցը ավերակի վերածվեց, գիրքը կտրվեց, մարդը գիրք չի տեսնում, ուրեմն՝ էսպիսի միջոցառումները նպաստում են։ Ուղղակի կուզեինք, որ ավելի ակտիվ անցներ, էն օրերին լիներ, որ մարդիկ գային, ելումուտ լիներ։ Հավաքվում են գրողներ, հրատարակիչներ, և ուրիշ բան է, որ նրանց պիտի գումարվի ընթերցողների մեծ հոսք, շատ մեծ հոսք, որն առայժմ չկա»։
«Մագաղաթ» հրատարակչության տնօրեն Ռուզաննա Կնյազյանն էլ շեշտում է՝ իր տարիների փորձը ցույց է տվել, որ փառատոնը մեծ արդյունք է տալիս, հատկապես այն դեպքում, որ նոր հրատարակիչներ են լինում։
«Արմավ» հրատարակչության տնօրեն, գրականագետ, գրաքննադատ Արմեն Ավանեսյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց. - «Նման փառատոները պետք է կազմակերպված լինեն հատկապես ընթերցողների համար։ Այսինքն՝ ընթերցողների հոսք պիտի ապահովվի, որպեսզի ընթերցողը տեսնի, որ սա հարթակ է, որտեղ հնարավորինս երևում է գրական դաշտը, հրատարակչական ոլորտը, հրատարակչական դաշտը։ Ճիշտ է, ցավալիորեն, չգիտեմ ինչ պայմաններում, «Անտարես»-ը չի մասնակցում: Պետք է քաղաքականությունը այնպես վարվի, որպեսզի գան ուսանողներ, դպրոցական ավագ դասարանցիներ։ Ընթերցողը պետք է շահագրգիռ լինի փառատոնին մասնակցելու համար»։
«Գրող-հրատարակիչ կապը կարծես թե ձևավորվել է, ընթերցողի կապը մի քիչ դժվար է ձևավորվում, չնայած, մյուս կողմից, տեսնում ենք, որ շուկայում որոշակիորեն ակտիվություններ վերջին երկու-երեք տարում նկատվում են», - ասաց Ավանեսյանը: